ԲԴԽ-ն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի համար սահմանել է90%-ի չափով նվազեցման տոկոսաչափ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-13-Ո-13 որոշումը, որով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Արմենակյանին, Վարչական դատարանի դատավորներ Կարեն Զարիկյանին, Արթուր Ծատուրյանին և Լիլիթ Սադոյանին բաշխվելիք գործերի համար սահմանվել է առանձին տոկոսաչափեր։

Որոշման հիմքերը և բովանդակությունը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կայացրել է՝ քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանի, Վարչական դատարանի դատավորներ Կարեն Զարիկյանի, Արթուր Ծատուրյանի և Լիլիթ Սադոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները։

Որոշումը կայացվել է ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի և 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։

Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները

Ըստ ԲԴԽ որոշման՝

  • Սարգիս Արմենակյան (դատարանի նախագահ) –  բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 90%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետով նախատեսված 35%-ի չափով նվազեցման տոկոսաչափը)։ Ժամկետը՝ 2026 թվականի փետրվարի 10-ից օգոստոսի 10-ը ներառյալ:
  • Կարեն Զարիկյան – բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 60%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով նախատեսված 30%-ի չափով նվազեցման տոկոսաչափը)։ Ժամկետը՝ 2026 թվականի փետրվարի 10-ից մարտի 6-ը ներառյալ:
  • Լիլիթ Սադոյան – բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 30%-ի չափով նվազեցման տոկոսաչափ։ Ժամկետը՝  2026 թվականի փետրվարի 10-ից մարտի 6-ը ներառյալ։
  • Արթուր Ծատուրյան – բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 50%-ի չափով նվազեցման տոկոսաչափ։ Ժամկետը՝ 2026 թվականի փետրվարի 10-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Որոշման ուժի մեջ մտնելը

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ 2026 թվականի փետրվարի 10-ից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Leave a Comment