Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ ԲԴԽ դատավոր անդամ Մերի Համբարձումյանին լիազորվել է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում (CCJE) ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը։
Տվյալ որոշումը միտված է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության միջազգային համագործակցությանն ու դատական համակարգի լավագույն փորձի խթանմանը։
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի կողմից ընդունվող եզրակացությունները (կարծիքները) Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հաստատվելուց հետո անդամ պետությունների համար դառնում են հանձնարարականներ, որոնց նպատակն է ապահովել անդամ պետություններում դատական քաղաքականության առավել համահունչ և միասնական մոտեցումներ։
Այս եզրակացությունները վերաբերում են դատական իշխանության անկախության ամրապնդմանը, դատական ընթացակարգերի կատարելագործմանը, դատավորների կարգավիճակին, ինչպես նաև նրանց ընտրության, աշխատանքի գնահատման, վերապատրաստման, առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության և սոցիալական երաշխիքների ապահովման հարցերին։
ԲԴԽ համապատասխան որոշման համաձայն՝
Հաշվի առնելով, որ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի եզրակացությունները (կարծիքները) Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից հաստատվելուց հետո անդամ-պետությունների համար դառնում են հանձնարարականներ (recommendations), նպատակ հետապնդելով անդամ-պետություններում ապահովել միասնական (unification) դատական քաղաքականություն, հաշվի առնելով, որ այդ եզրակացություններում (կարծիքներում) ամրագրված դրույթները վերաբերում են դատական իշխանության անկախության ամրապնդմանը, իշխանության թևերի հետ հարաբերակցությանը, դատական համակարգի ձևավորման և գործառույթների արդյունավետության բարձրացմանը, դատական ընթացակարգերի կատարելագործմանը, դատավորի կարգավիճակին, նրա ընտրության, աշխատանքի գնահատման, սկզբնական և շարունակական վերապատրաստման, առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության ենթարկման, ինչպես նաև սոցիալական երաշխիքների ապահովման խնդիրներին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1․Լիազորել Մերի Գևորգի Համբարձումյանին Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը ներկայացնելու նպատակով հանդես գալու Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում։
2․ Առաջարկել Մերի Գևորգի Համբարձումյանին Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի եզրակացությունների (կարծիքների) վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել ամենամյա զեկույցներ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: