Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հորինվածք է անվանել իր որդու՝ տարածաշրջանային անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին տեղեկատվությունը։ Նա այս հայտարարությունն արել է հանրապետության դատախազ Արսան Ադաևի հետ հանդիպման ժամանակ։
«Արհեստական ինտելեկտի օգնությամբ ցանկացած մեկին կարելի է խաբել։ Երկրում տեղի է ունեցել 128,000 վթար, 13,009 մարդ մահացել է, բայց ոչ մեկին դա չի հետաքրքրում, ոչ ոք ոչինչ չի ասում։ Եվ այնուամենայնիվ, անսպասելիորեն Կադիրովի որդու վթարի մասին հորինվածքը դարձավ միջազգային լրահոսի թիվ մեկ թեման», – ասել է չեչնիայի ղեկավարը։
Նա նաև հայտարարել է տարածաշրջանում առցանց հանցագործության դեմ պայքարի միջոցառումները խստացնելու ծրագրերի մասին։ «Կեղծ լուրերի դեմ պայքարը հատկապես կարևոր է։ Այս թեման շատ կարևոր է ամբողջ երկրի համար, բայց ինչ-ինչ պատճառներով մեր հանրապետության վերաբերյալ կեղծ տեղեկատվությունը միշտ իրարանցում է առաջացնում լրատվամիջոցներում», – հավելել է Կադիրովը։
Հունվարին լրատվամիջոցները հաղորդել են Գրոզնիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որի ժամանակ, ենթադրաբար, վիրավորվել է Ադամ Կադիրովը։