9 փետրվարի 2026 – 16:42 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:
Հայաստանի օլիմպիական թիմի անդամ Կատյա Գալստյանը, որը մասնակցում է դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևին, դասական ոճով առաջին 10 կիլոմետրն անցնելուց հետո չի կարողացել հասնել վերջնագծին։ Կանանց այս մրցաձևում օլիմպիական չեմպիոն է դարձել Շվեդիան ներկայացնող Ֆրիդա Կարլսոնը՝ 53 րոպե 45 վայրկյան արդյունքով։
Կատյա Գալստյանը մասնակցում է ձմեռային օլիմպիադային արդեն 4-րդ անգամ։ Նա կրկին հանդես է գալու փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում։
Դահուկորդ Միքայել Միքայելյանը նույն՝ 20 կմ սկիաթլոն մրցաձևում, որտեղ համատեղվում են դասական և ազատ ոճերը, 73 մասնակիցներից զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը՝ 51 րոպե 06 վայրկյան արդյունքով։ Այս մրցաձևում հաղթող է ճանաչվել նորվեգացի Յոհանես Կլեբոն՝ 46 րոպե 11 վայրկյան ժամանակով։
Միքայել Միքայելյանը կրկին մրցելու է փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում։
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը մասնակցելու է հսկա ոլորավայրէջքի մրցմանը փետրվարի 14-ին, իսկ փետրվարի 16-ին՝ հանդես է գալու ոլորավայրէջք մրցաձևում։
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:
25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու։ Մրցումները ընթանում են 16 տարբեր մարզաձևում։