Երևանում կանաչ տարածքներն այս պահին կազմում են 910 հա, որը ԽՍՀՄ լավագույն տարիների ցուցանիշն է

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվեց նաև Երևանում կատարված կանաչապատման աշխատանքների ծավալը։

Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանի զեկույցի համաձայն Երևանը 60 հեկտարով ավելացրել է իր կանաչ տարածքները, ինչը ավելին է նախորդ տասնամյակների համեմատ։

«Երևանում կանաչ տարածքներն այս պահին կազմում են 910 հա, որը ԽՍՀՄ լավագույն տարիների ցուցանիշն է։ Երևանն ամբողջությամբ վերականգնել է իր կորցրած կանաչ տարածքները», – ասել է նա։

Տարընկալումներ չառաջանալու համար, Արմեն Բեգոյանը  շեշտել է, որ այն վայրերում, որտեղ կառուցապատման պատճառով հնարավոր չէ ամբողջովին վերականգնել կանաչ տարածքները, կոմպենսացիան իրականացվել է այլ վայրերում կանաչապատման միջոցով։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի պատասխան նշել է, որ  վերջին երեք ու կես տարվա ընթացքում Երևանը հարստացել է կանաչ ֆոնդով, և այդ կանաչ ֆոնդը կազմում է մոտավորապես 60 հա, ինչը իր ծավալներով ավելին է, քան դրան նախորդած 22 տարիների ընթացքում ստեղծված կանաչ տարածքները։

Leave a Comment