Մեքսիկան երկու նավով մարդասիրական օգնություն է տեղափոխում Կուբա

Մեքսիկայի կառավարությունը ռազմածովային ուժերին պատկանող երկու նավերով Կուբա է ուղարկել պարենային ապրանքներ և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Այս մասին հայտնել է լատինաամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։

«Կուբայի Հանրապետություն է ուղարկվում հումանիտար օգնություն՝ նյութատեխնիկական ապահովման Papaloapan և Isla Holbox նավերի միջոցով, որոնք տեղափոխում են ավելի քան 814 տոննա պարեն քաղաքացիական բնակչության համար»,-ասված է Մեքսիկայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Ինչպես հստակեցվում է, երկու նավերն էլ փետրվարի 8-ին դուրս են եկել Վերակրուս նավահանգստից։ Papaloapan նավը տեղափոխում է շուրջ 536 տոննա պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ հեղուկ կաթ, մսամթերք, բրինձ, լոբի, թխվածքաբլիթներ, պահածոյացված թունա և սարդինա, բուսական յուղ, ինչպես նաև անձնական հիգիենայի միջոցներ։

Կուբային օգնության տրամադրումն իրականացվում է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հանձնարարությամբ և արտացոլում է «մեքսիկական ժողովրդի հումանիստական սկզբունքներն ու համերաշխության ավանդույթը»։

Leave a Comment