Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները չեն փոխվել և, ինչպես նախորդ տարիներին, շարունակում են մնալ ցածր մակարդակի վրա։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Մենք հույս ունենք, որ Եվրամիությունն ու նրա բյուրոկրատիան կկարողանան վերականգնել ինքնիշխանությունը։ Այդ դեպքում իրավիճակը կփոխվի, սակայն, մինչ այժմ, դրությունը եվրոպական բյուրոկրատիայի համար մնում է բարդ, և, համապատասխանաբար, մեր հարաբերությունների մակարդակը նույնն է, ինչ նախորդ տարիներին, ինչը շատ ցավալի է»,-նշել է Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ արդեն մի քանի տարի է, ինչ Վրաստանը բախվում է արտաքին ճնշման։
2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանը ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչից հետո երկրի հարաբերությունները Եվրամիության և ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ։