Նոր նախագիծ․ մանկական և ուսումնական գրականության վաճառքը կարող է չհարկվել ԱԱՀ-ով

Iravaban.netը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1317-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատել մանկական գրականության, դպրոցական և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտական կամ ուսումնական և այլ հրատարակություն համարվող գրականության օտարման գործարքները։

Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Ո՞րն է նախագծի նպատակը

Նախագծի նպատակը ման­կա­կան գրականության, դպրո­ցա­կան և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտա­կան կամ ուսումնական և որպես այլ հրատարակություն համար­վող գրականության օտար­ման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդ­վածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության՝ գործ­նա­կանում կիրա­ռու­թյան ընթացքում առաջացած խնդիրների լուծումն է:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդ­վածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատվում են դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրո­ցա­կան գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնա­գի­տացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտու­թյուն­­­ների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարա­կու­թյուն­ների օտարումը։ Նույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը  սահմանում է Կառավարությունը։

ՀՀ կառա­վա­րութ­յան 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատ­ման արտո­­նութ­յունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի վերջին նախա­դա­սությունների համաձայն՝

  • հրատարակչի կամ իրացնողի կողմից մանկական գրականության օտարումն ազատ­վում է ԱԱՀ-ից, եթե տվյալ գրականությունը Հայաստանի Հանրապե­տութ­յան կրթության, գիտու­թյան, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախա­րարություն) կողմից պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել է որպես ման­կա­կան,
  • դպրոցական հրատարակությունների օտարումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե դրանք պաշ­տոնապես հաստատվել կամ երաշխավորվել են Նախարարության կող­մից` որպես դպրո­ցական,
  • ուսումնական հրատարակությունների օտարումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե դրանք պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել են Նախարարության կող­մից:

Նույն հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ այն հրատարակությունները, որոնք կարող են դասակարգվել և՛ որպես գիտական կամ ուսումնական, և՛ որպես այլ տիպի հրատա­րա­կու­թյուն, ԱԱՀ-ից ազատ­վում են, եթե դրանք Նախարարության կողմից պաշտոնապես հաս­տատ­վել են որպես գիտա­կան և (կամ) ուսումնական հրատարակություն:

Այսինքն, խնդրո առարկա գործարքների իրականացման դեպքում ԱԱՀ-ից ազատման արտոնությունը գործում է, եթե վերջիններիս վերաբերյալ առկա է Նախարարության համա­պա­տասխան դիրքորոշումը:

Խնդիրն այն է, որ Նախարարության ռեսուրսները հաճախ չեն բավարարում մեծ ծավալի հրա­տա­րա­կութ­յուն­ների բովանդակությունը կարճ ժամկետում ուսումնասիրելու և համա­պա­տաս­խան երաշխավորում տրամադրելու համար։ Արդյունքում, Նախարարության կողմից երաշխավորումները տրամադրվում են ավելի երկար ժամկետներում, քան ԱԱՀ հաշվետու ժամա­նակաշրջանն է, ինչի արդյունքում այդ ընթացքում օտարված գրականության մասով խնդիրներ են առաջանում ԱԱՀ հաշվարկելու և վճարելու առումով, քանի որ դեռևս պարզ չի լինում գործարքներն ազատված են ԱԱՀ-ից, թե ոչ։

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. 

Նախագծով առաջարկվում է ուժը կոր­­ցրած ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1317-Ն որոշման 1-ին կետով սահ­ման­ված թիվ 1 հավելվածի այն դրույթները, որոնցով ման­կա­կան գրականության, դպրո­ցա­կան և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտա­կան կամ ուսում­նական և այլ հրատարակություն համար­վող գրականության օտար­ման գործարքներն ԱԱՀ-ից ազատվելու համար պահանջվում է Նախարարության կողմից տրամադրված երաշ­խա­վորություն։

Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան ման­կա­կան գրա­կա­նության, դպրո­ցա­կան և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միա­ժա­մա­նակ որպես գիտա­կան կամ ուսում­նական և այլ հրատարակություն համար­վող գրա­կա­նու­թյան օտար­ման գործարքներն ԱԱՀ-ից ազատելու ընթացակարգն է:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է պարզեցնել ման­կա­կան գրա­կա­նության, դպրո­ցա­կան և ուսում­նական հրատարակությունների, ինչպես նաև միա­ժա­մա­նակ որպես գիտա­կան կամ ուսում­նական և այլ հրատարակություն համար­վող գրա­կա­նու­թյան օտար­ման գործարքներն ԱԱՀ-ից ազատելու ընթացակարգը։

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Հարկա­բյու­ջե­տա­յին քաղաքականություն» մասով սահմանված քաղաքա­կա­նու­թյան ուղղություններից, որոնց համաձայն՝

  • հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաս­­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը,
  • Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտի­վու­թյան մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտա­հան­ման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկա­բյու­ջետային կայունության ամրապնդման համար:

Leave a Comment