«Նկատե՞լ եք, որ այսպիսի հաղորդագրությունները գրեթե հայտնվել են հանրային ուշադրությունից դուրս»․ Հակոբ Բադալյան

«Նկատե՞լ եք, որ այսպիսի հաղորդագրությունները գրեթե հայտնվել են հանրային ուշադրությունից դուրս»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի: Կատարվում է քննություն, ինչպես սովորաբար ասվում է այդ դեպքերի մասին հաղորդագրություններում:

Իսկ նկատե՞լ եք, որ այդպիսի հաղորդագրությունները Հայաստանում գրեթե հայտնվել են հանրային ուշադրությունից դուրս: Հիշո՞ւմ եք, թե շատ տարիներ առաջ ինչ աղմուկ էր բարձրանում ոչ միայն այսպես ասած խաղաղ պայմաններում որևէ զոհի կապակցությամբ, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով որևէ մահվան դեպքի կապակցությամբ, այլ նույնիսկ բռնության որևէ միջադեպի:

Քանի-քանի այսպես ասած քաղաքացիական կառույցներ ու իրավապաշտպաններ կային, որոնց հիմնական զբաղմունքը հենց այդպիսի դեպքերն էին, որոնք Հայաստանի զինված ուժերի մի հրեշավոր նկարագիր էին կառուցում ամեն այդպիսի դեպքից հետո:

Հիմա ո՞ւր են նրանք: Հիմա հազվադեպ մարդիկ են մնացել, որոնք շարունակում են այդ մակարդակում զբաղվել բանակում բռնությունների և մահվան դեպքերով, անկախ ամեն ինչից:

Իսկ ո՞ւր են մյուսները, ո՞ւր է այն «կոհորտան», որ անասելի աղմուկ էր անում ամեն մի դեպքից հետո: Այսօր դրա բացակայությունը վկայում է, որ այդ աղմուկը ուներ մեկ խորքային նպատակ, այսպես ասած՝ պատճառահետևանքային սնուցում՝ քաղաքական շարժառիթներ ու խնդիրներ: Իսկ ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական, որովհետև աղմկարարների գործունեության հիմնական ֆինանսավորման աղբյուրը որպես կանոն արտաքին էր:

Ստատուս-քվոյի փոփոխությունից, հայկական բանակը պարտության մատնելուց, Հայաստանի զինված ուժերը իբրեւ ռազմա-քաղաքական սուբյեկտ ըստ էության կազմալուծելուց հետո, այլևս այնտեղ ներքին հարաբերությունների որակն ու մակարդակը այսպես ասած քաղաքացիական «բոմոնդի» ճնշող մեծամասնությանը հետաքրքիր չէ»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment