Իրանը չի ընդունի ուրանի հարստացման վերաբերյալ պահանջները․ Արաղչի

Իրանը չի ընդունի ուրանի հարստացման վերաբերյալ պահանջները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ներկայիս փուլը հիմնովին տարբերվում է 2025 թվականի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմից առաջ անցկացված բանակցություններից։ Ըստ Արաղչիի՝ Մասկատում տեղի ունեցած առաջին իրանա-ամերիկյան հանդիպումը հիմնականում ուսումնասիրական բնույթ է ունեցել։

Նա շեշտել է, որ բանակցությունները խիստ սահմանափակվում են միջուկային հարցով և այդպես էլ կմնան, եթե գործընթացը շարունակվի։ Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ից ստացվող ազդակները հակասական են՝ ասելով, որ որոշ նշաններ վկայում են լրջության մասին, մինչդեռ որոշ պատժամիջոցների շարունակությունն ու ռազմական գործողությունները կասկածներ են առաջացնում Վաշինգտոնի մտադրությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ բոլոր այդ ազդակները համատեղ կգնահատվեն։

Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է քննարկել իր միջուկային ծրագրի շրջանակում վստահություն ստեղծող քայլեր՝ պայմանով, որ դրանք ուղեկցվեն իրական և շոշափելի պատժամիջոցների վերացմամբ։ Մանրամասները, նրա խոսքով, կքննարկվեն բանակցությունների ընթացքում։

Նա նշել է, որ հաջորդ փուլի ժամանակն ու վայրը դեռ վերջնականապես որոշված չեն և կարող են փոխվել, ինչպես նախորդ փուլերում, սակայն բանակցությունները կմնան անուղղակի։

Արաղչին ընդգծել է, որ Իրանը չի ընդունի զրոյական հարստացման պահանջները՝ հայտարարելով, որ ուրանի հարստացումը ազգային ձեռքբերում է․ «Ինչո՞ւ ենք պնդել և  այսօր էլ շեշտում ենք, որ պատրաստ չենք հրաժարվել ուրանի հարստացումից, եթե նույնիսկ պատերազմ լինի, քանի որ ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե ինչ պետք է ունենանք կամ ինչ չպետք է ունենանք։ Նա նաև հավելել է, որ հրթիռային և տարածաշրջանային հարցերը չեն եղել և չեն լինելու բանակցությունների օրակարգում։

Leave a Comment