Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կմեկնի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտարարել է վարչապետի գրասենյակը։
Գրասենյակի տվյալներով՝ փետրվարի 11-ին Վաշինգտոնում սպասվում է Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, որի գլխավոր թեման կլինեն ԱՄՆ-Իրան բանակցությունները։
«Վարչապետը կարծում է, որ ցանկացած բանակցություն անպայման պետք է ներառի Իրանի բալիստիկ հրթիռային զինանոցի սահմանափակման և իրանական առանցքի (Թեհրանի դաշնակից ուժերը Մերձավոր Արևելքում – խմբ.) աջակցության դադարեցման թեմաները», – նշել է գրասենյակը։
Ուրբաթ օրը Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդիի խոսքով՝ Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները Մասկատում շատ լուրջ խորհրդակցություններ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և մտադիր են շարունակել երկխոսությունը։