«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում ներկայացրել է մանրամասն հաշվարկներ ու ծրագրեր՝ կապված երկրի տնտեսական զարգացման ու սոցիալական բեռնվածության հետ:
Ըստ Կարապետյանի, երկրի արդյունավետ զարգացման և սոցիալական ծախսերի ապահովման համար անհրաժեշտ է 800 հազար գրանցված աշխատողների թիվն ավելացնել ևս 300 հազարով՝ ստեղծելով նոր աշխատատեղեր:
«Դա պիտի լինի մեր երկրի առաջին նպատակը, որպեսզի 1,1 միլիոն մարդ աշխատելով կարողանա 500 հազար մարդու թոշակ տալ… և ապահովել աշակերտների լավ ուսումը»,– նշեց նա:
Կարապետյանը ներկայացրել է հետևյալ պատկերը. 3 միլիոն բնակչությամբ Հայաստանում գրանցված է 800 հազար աշխատող (հաշվի առնելով, որ մեկ անձ կարող է մի քանի աշխատավայրում գրանցված լինել), կա 200–300 հազար պետական աշխատակից, 500 հազար թոշակառու, 300–500 հազար աշակերտ ու ուսանող:
Ըստ իր ներկայացրած տրամաբանության՝ երկրում կա մոտ 1,8 միլիոն մարդ, ովքեր կա՛մ աշխատում են, կա՛մ չեն կարող աշխատել (թոշակառուներ, ուսանողներ), և մոտ 1,2 միլիոն մարդ, ովքեր պատրաստ են աշխատաշուկային, սակայն չունեն կայուն աշխատանք:
«Այս խումբն ընդգրկում է տնային տնտեսուհիներին ու գյուղաբնակներին, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, բայց գյուղնախարարության թուլության պատճառով չունեն կայուն եկամուտ։ Մեր երկիրը՝ մեր գյուղերը, մեր քաղաքները, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի»,– նշել է Կարապետյանը։
Ըստ նրա՝ լուծումը պետության ակտիվ մասնակցությունն է տնտեսական նախագծերին, որպեսզի արագ ձևավորվեն ինչպես արդյունաբերական, այնպես էլ ծառայությունների ոլորտի ձեռնարկություններ, որոնք կխթանեն տնտեսության աճը։
Շարժման ներկայացուցիչը մանրամասնեց ծրագրերի շրջանակները. «300 000 աշխատատեղերից մենք արդյունաբերության մեջ 80 000 աշխատատեղ ենք նախատեսել, որից 25 000-ը վերամշակող արդյունաբերության մեջ է՝ մետալուրգիա, նավթավերամշակում, տարբեր էլեկտրատեխնիկական արտադրություններ»:
Կարապետյանը նշեց, որ մեծ պոտենցիալ տեսնում է երկրի համայնքների զարգացման մեջ, ինչը պահանջում է պետական նախաձեռնության և ներդրումների ակտիվացում:
