Ուկրաինայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով էներգետիկ օբյեկտները ստացել են զգալի վնասներ, ինչը ազդել է երկրի ողջ տարածքի էներգետիկ իրավիճակի վրա։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ցավոք, կան էներգետիկ օբյեկտների զգալի վնասներ, և դա ազդեցություն է ունեցել էներգետիկ իրավիճակի վրա գրեթե ամբողջ երկրում․ տեղի են ունեցել լայնածավալ հոսանքազրկումներ»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Նա նաև հավելել է, որ վնասվել են այն էներգետիկ օբյեկտները, որոնցից «կախված է ուկրաինական ատոմակայանների աշխատանքը»։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական զինծառայողները անցած օրվա ընթացքում իրականացրել են զանգվածային հարված, այդ թվում՝ «Կինժալ» հրթիռների կիրառմամբ, Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։