Որոշ լրատվամիջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակել այն մասին, թե իբր՝ ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում գտնվող սոցիալական բնակֆոնդի բնակիչներին ստիպում են ազատել իրենց բնակարանները։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԱՍՆ մամլո քարտուղար Նվեր Կոստանյանի հրապարակումից։
Վերջինս տեղեկացնում է, որ որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել:
«Տվյալ ընտանիքներին առաջարկված նոր պայմանագրերի կնքումը պայմանավորված է բացառապես իրավական փոփոխություններով․ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների՝ կացարանով ապահովման ծառայությունների կանոնակարգումը վերապահվել է «Օթևան» ՊՈԱԿ-ին, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ծառայությունների հետագա մատուցումը կազմակերպել նախարարության որդեգրած քաղաքականության և ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և մանրամասն պարզաբանում կտրվի նաև տվյալ ընտանիքների հետ նախատեսվող հանդիպման ընթացքում»,- գրել է խոսնակը: