ACA-ի թեթև քաշային կարգի մարտիկ Բոգդան Պլուտախինը կիսվել է իր կարծիքով UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատարներից Արման Ծառուկյանի և Իլիա Թոփուրիայի հնարավոր մենամարտի վերաբերյալ։
Պլուտախինը վստահ է, որ հայազգի մարտիկը դիվիզիոնի լավագույն ներկայացուցիչն է, իսկ Թոփուրիան նրա դեմ մենամարտում հաղթելու չնչին հնարավորություններ ունի։
«Եթե խոսենք այս պահին թեթև քաշային կարգի ուժեղագույն մարտիկի մասին, ապա ինձ համար դա Արման Ծառուկյանն է, առանց վերապահումների։ Նա դիվիզիոնի ամենաունիվերսալ, ֆիզիկապես հզոր և համակարգված մարտիկն է։ Նրա ժամանակն անխուսափելիորեն կգա։ Վաղ թե ուշ Արմանը կնվաճի տիտղոսը, որովհետև UFC-ն այլ տարբերակներ չի ունենա։ Երբ մարտիկն այդքան կայուն է և ուժեղ, նրան անվերջ անտեսելն անհնար է։
Ինչ վերաբերում է Թոպուրիայի հետ հնարավոր մենամարտին, ապա տեսնում եմ միայն մեկ սցենար, որի դեպքում նա կարող է հաղթել Արմանին. դա մենամարտի հենց սկզբում պատահական հաջողված հարվածն է։ Այլ իրական տարբերակներ չեմ տեսնում։ Երկարատև մենամարտում, տարածության վրա, ըմբշամարտում և տեմպի մեջ առավելությունը Ծառուկյանինն է լինելու։ Եվ սա ոչ թե էմոցիա է, այլ ոճերի և հմտությունների սառը վերլուծություն»,- նշել է Պլուտախինը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում: