7 փետրվարի 2026 – 12:27 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի արած հայտարարություններին, գրել է, որ ՊՆ որոշումից հետո գնդերեցների թիվը նվազել է 80-90%-ով:
Անդրադառնալով երկակի ենթակայության անթույլատրելության մասին դրույթին՝ նա հիշեցրել է, որ բանակում այլ ենթակայությամբ գործող այլ կառույցներ էլ կան:
«ՊՆ-ն ասում է, որ գնդերեցների ինստիտուտի նախկին կարգավիճակը բանակում երկակի ենթակայության խնդիր էր առաջացնում` բանակին ու Մայր Աթոռի և դրա համար են գնացել նման ճանապարհով:
Նախ արձանագրեմ, որ այդ «լուծումը» ունի ներքաղաքական հիմք և այդ քայլով գնդերեցների ինստիտուտը բանակում փլուզվել է. գնդերեցների փաստացի թիվը այդ որոշման հետևանքով շուրջ 80-90%-ով կրճատվել է:
Երկրորդ, երբ Պապիկյանը խոսում է երկակի ենթակայության անթույլատրելության մասին, ուզում եմ իմանալ, իսկ ի՞նչ է սպասվում ԱԱԾ ռազմական հակահետախությանը, որը բանակի ներսում գործող ինստիտուտներից է և գործում է ոչ թե ՊՆ-ի, այլ ԱԱԾ-ի ենթակայությամբ»,-ասվում է գրառման մեջ:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, արձագանքելով այն հարցին, թե արդյոք նախարարությունը գնդերեցներին առաջարկել է միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված եկեղեցու «բարենորոգման օրակարգին», ասել է, որ դա սուտ է և նման բան չկա: Նա նաև հայտարարել է, որ այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չեն, բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն Զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը: