Կուբան հակաճգնաժամային միջոցառումներ է ձեռնարկում

Կուբան սկսում է հակաճգնաժամային միջոցառումների շարք՝ վառելիքի պաշարները պահպանելու և տնտեսության կենսականորեն կարևոր ոլորտների գործունեությունն ապահովելու համար՝ ԱՄՆ-ի կողմից էներգամատակարարումը խափանելուն ուղղված գործողությունների ֆոնին, հայտարարել է Կուբայի ներքին առևտրի նախարար Օսկար Ֆրագա-Պերեսը։

«Մենք ներդնում ենք մի շարք լուծումներ՝ երկրի կենսունակությունը և անհրաժեշտ ծառայությունները երաշխավորելու համար, նվազագույնի հասցնելով այս իրավիճակի ազդեցությունը բնակչության վրա», – ասել է նախարարը՝ ելույթ ունենալով կուբայական Caribe հեռուստաալիքի «Կլոր սեղան» հաղորդման ժամանակ ։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ուժեղացրել է տնտեսական, առևտրային և ֆինանսական շրջափակման էներգետիկ բաղադրիչը՝ թիրախավորելով այն նավերը, որոնք օրինականորեն վառելիք են մատակարարում Կուբա։ Նախարարը շեշտել է, որ Հավանան գործում է միջազգային իրավունքի շրջանակներում և իրականացնում է էներգետիկ ռեսուրսներ գնելու իր ինքնիշխան իրավունքը։ Սակայն, Կարիբյան ավազանում ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղակայումը, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պատրվակով տանկերների կալանավորումն ու առգրավումը անկայունություն են ստեղծել տարածաշրջանում և խոչընդոտել են նավատերերին ու ֆինանսական հաստատություններին գործել Կարիբյան ավազանում։

Leave a Comment