ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աջակցություն է հայտնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվող երկխոսությանը, որը պետք է նպաստի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը։ Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը Նյու Յորքում։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև այսօր վերսկսված բանակցությունները և հույս ունի, որ դրանք կօգնեն նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը և կանխել ավելի լայն ճգնաժամը։ Բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն խաղաղ երկխոսության միջոցով», – ասվում է հայտարարության մեջ։
Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և Միացյալ Նահանգների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Առաջիկա օրերին կկայանա բանակցությունների լրացուցիչ փուլ, հայտնել է ամերիկյան Axios պորտալի և Իսրայելի հեռուստատեսության Channel 12-ի թղթակից Բարակ Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։