Արցախցիների բնակապահովման ծրագրից օգտվել է ընդամենը 4404 ընտանիք – Live News

Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը գործարկվել է 2025 թ մարտի 17-ից Սյունիքի ու Կոտայքի մարզերում և 2026 թ հուլիսի 1-ից կգործարկվի ամբողջ հանրապետությունում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝  գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվություն ներկայացնելու ժամանակ, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշվել է, որ նոր համակարգի շրջանակում ծայրահեղ անապահով ճանաչված ընտանիքները կստանան նվազագույն երաշխավորված եկամուտ՝ պարենային զամբյուղին համարժեք։ Պիլոտային մարզերում նպաստի միջին չափը 78,000 դրամ է, առավելագույն չափը՝ 200,000 դրամ։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ նոր համակարգով գնահատումն ուղղված է կարիքի, այլ ոչ թե կարգավիճակի վրա, միաժամանակ աշխատունակ քաղաքացիների համար վերագրումների ինստիտուտով և աշխատանք առաջարկելով նրանց մղվելու է աշխատանքի, այլ ոչ թե համակարգում մնալուն։ Միաժամանակ, նախարարն ընդգծել է, որ անապահովության համակարգում գտնվող քաղաքացիների թիվը նվազել է, մասնավորապես, 2023 թվականի 68 հազարի փոխարեն 2026–ի փետրվարի 1–ի դրությամբ այդ թիվը հասել է 48 հազար 900–ի։ Լավարկվում է նաև e-work համակարգը, որը կարող է աշխատատեղերի առաջարկների թվով դառնալ ամենամեծ կարիերայի կենտրոնը։

Արսեն Թորոսյանը նշել է, որ Ղարաբաղից տեղահանված անձանց կայուն կենսաապահովմանն ուղղված ծրագրերը ևս պետության ուշադրության կենտրոնում են։ Նախարարի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալուն ուղղված ծրագրի շրջանակում 44,414 անձի տրամադրվել է 40,000 դրամ աջակցություն (աջակցությունը շարունակվում է 30,000 դրամ յուրաքանչյուր անձի հաշվով)։ Կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ևս աջակցություն է ստացել 6,168 ընտանիք։ Պետական բյուջեից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրին ուղղվել է 7.1 մլրդ դրամ՝ 4167 շահառուի աջակցություն տրամադրելու համար։ 2025 թ ընթացքում հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից իրացվել է 3697-ը։ Տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 2026 թ փետրվարի 1–ի դրությամբ հավաստագիր ստացած անձանց թիվը 4404 է, որից 1932-ն իրացրել է հավաստագիրը։ Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից վճարվել է շուրջ 3 մլրդ դրամ։ Տեղահանված անձանց համար ուսուցման և աշխատանքային փորձ ձեռքբերելու համար աջակցության տրամադրման ծրագրից 2025 թօգտվել է 952 անձ (նախատեսվածի 95.2 %):

Leave a Comment