Մոսկվան Կիևին է մեղադրում ռուս գեներալի դեմ մահափորձի համար

Մոսկվան Ուկրաինային է մեղադրել Ռուսաստանի ռազմական հետախուզության բարձրաստիճան գեներալի դեմ իրականացված մահափորձի համար․ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդել է, թե այդ քայլով Կիևը փորձում է խափանել պատերազմը դադարեցնելու ջանքերը։ Կիևից որևէ մեկնաբանություն առայժմ չի հնչել։

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից պատերազմի սանձազերծումից ի վեր Ուկրաինան քանիցս պատասխանատվություն է ստանձնել ռուս բարձրաստիճան զինվորականների սպանության համար։

Վերջին միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, անհայտ անձը թիկունքից կրակ է բացել գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։ Գեներալի առողջական վիճակի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի հրապարակվել, հայտնի է միայն, որ նա հոսպիտալացվել է:

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի գաղտնի ծառայությունները հետաքննում են միջադեպը և տեղեկություններ փոխանցում նախագահ Վլադիմիր Պուտինին։

Leave a Comment