Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։
Պետության ղեկավարը հիշել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցը և նշել, որ բարձր մակարդակի շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Ալիևը ընդգծել է Պեզեշկիանի անցյալ տարի Ադրբեջան կատարած այցի հաջողությունը և հետագա համագործակցության խորացումը։ Նշելով, որ աշխարհի շատ տարածաշրջաններում շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել, ինչը մեծ նշանակություն ունի Իրանի համար՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի հարևան։
«Մենք ցանկանում ենք խաղաղություն ամբողջ աշխարհում, ոչ մի արյունահեղություն, ոչ մի պատերազմ», – ընդգծել է նախագահը, հավելելով, որ Ադրբեջանը ցուցադրում է պատերազմից խաղաղության անցման մոդել։
Ազիզ Նասիրզադեն Ալիևին փոխանցել է Իրանի նախագահի ողջույնները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը և պաշտպանական համագործակցության հեռանկարները։