5 փետրվարի 2026 – 18:01 AMT
PanARMENIAN.Net – Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ։
Երբ նրան հարցրել են՝ արդյոք պահպանվել են իր նախկին լավ հարաբերությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա հրաժարվել է պատասխանել, հայտնում է Panorama.am-ը:
«Մնացածին կանդրադառնամ այն ժամանակ, երբ հարմար կգտնեմ»,-ասել է նա:
Լրագրողները հետաքրքրվել են նաև՝ արդյոք նրա դեմ հարուցված քրեական գործը կապ ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ունեցած հայտնի հեռախոսազրույցի ձայնագրության հետ։
«Ես դավադրապաշտական տեսությունների կողմնակից չեմ: Առնվազն նման ենթադրություններ անելու համար որևէ հիմք կամ պատճառ չունեմ»,-ասել է նա:
Գասպարյանն ընդգծել է, որ մեղադրանքի վերաբերյալ դեռ շատ ասելիք ունի, որը մի քանի բառով հնարավոր չէ ներկայացնել։
«Մեղադրանքի մասին հանգամանալից շատ բան կա ասելու, մի քանի բառով չեմ կարող պատասխանել։ Խոստացածս ասուլիսը կլինի, պարզապես մի քանի դատական նիստի ընթացքում որոշ բաներ պետք է պարզվի, նոր ասուլիսը կհրավիրվի։ Ես նույնպես շատ բան ունեմ հանրությանը ներկայացնելու»,-նշել է նա:
Գասպարյանի գործով հինգ ամբաստանյալ կա, նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Դիաննա Գասպարյանի ամուսնու և ամուսնու հոր նկատմամբ կիրառվել է նաև գրավ։ Դատական նիստի օր դեռ նշանակված չէ։Դիաննա Գասպարյանը քրեական գործն ու դրա շուրջ զարգացումներըորակել էր կրկես՝ խոստանալով տոներից հետո խոսել, հանգամանալից անդրադառնալ դրան։
Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն հիմքով, որ նա՝ սկսած 2018 թվականի հոկտեմբերի 21-ից զբաղեցնելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը, որպես պաշտոնատար և հանրային ծառայող անձ, իր հետ փոխկապակցված Շահեն Շահինյանի և Աշոտ Միրզոյանի աջակցությամբ օգտագործել է իր իշխանական ու ծառայողական լիազորությունները և դրանից բխող ազդեցությունը՝ կատարել է գործողություններ, որոնք դուրս են իր լիազորություններից և էական վնաս են պատճառել համայնքի օրինական շահերին։ Արդյունքում Վաղարշապատին հասցվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։
Բացի դրանից, իր ամուսնու հոր՝ Աշոտ Արամայիսի Միրզոյանի, ամուսնու՝ Արամայիս Աշոտի Միրզոյանի, ինչպես նաև Շահեն Շահինյանի և Սամվել Բադալյանի հետ նախնական համաձայնությամբ իր լիազորությունները ծառայեցրել է նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։