ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կնքված Ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի այսօր սպառված ժամկետի նախաշեմին՝ Աբու Դաբիում, երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են այն երկարաձգելու հնարավորությունը։
Axios -ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչները՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները այս թեմայով բանակցություններ են վարել ռուսական կողմի ներկայացուցիչների հետ ՝ Ուկրաինայի շուրջ ընթացող բանակցությունների շրջանակում։
Պարբերականի երկու աղբյուր նշել են, որ նախագիծը դեռևս կարիք ունի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հաստատման։ Մեկ այլ աղբյուր հաստատել է, որ բանակցությունները վերջին 24 ժամվա ընթացքում տեղի են ունեցել Աբու Դաբիում, սակայն չի հաստատել, որ համաձայնություն է ձեռք բերվել։
Պայմանագրի ժամկետը լրանում է այսօր։ Դրա երկարաձգումը իրավական ձևակերպում չի ստացել։ Axios-ի աղբյուրը հայտնել է, որ կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ։
«Մենք Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք գործել բարեխղճորեն և սկսել պայմանագրի թարմացման ուղիների քննարկումը», — հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։
Ռուսական СНВ-III անունով հայտնի պայմանագիրը սահմանափակում է այն միջուկային մարտագլխիկների քանակը, որոնք ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են տեղակայել սուզանավերում, հրթիռների վրա և ռազմավարական ռմբակոծիչներում, ինչպես նաև ներառում է թափանցիկության կարևոր մեխանիզմներ։