5 փետրվարի 2026 – 18:36 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խորը ցավով տեղեկացան Արցախի ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։
Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին»,-ասվում է հայտարարության մեջ:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:
Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման: