
Իրանը և Միացյալ Նահանգներն այսօր Օմանում պատրաստվում են բարձր մակարդակի բանակցություններ անցկացնել: Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը, իսկ բալիստիկ հրթիռների հարցը քննարկման առարկա չէ:
Նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կգլխավորեն իրենց պատվիրակությունները:
Այս հանդիպումը կողմերի միջև կլինի առաջինը՝ անցած տարեվերջից Իրանում սկսված բողոքի ցույցերից և դրանք կոշտ բռնությամբ ճնշելու՝ Իսլամական Հանրապետության փորձերից հետո, որոնց հետևանքով հազարավոր ցուցարարներ սպանվեցին։ Ի պատասխան Միացյլա Նահանգների նախագահը գուշացրել էր, որ Վաշինգտոնը կարող է դիմել ռազմական միջամտության՝ տարաշածրջան ուղարկելով հավելյալ ուժեր ու ռազմանավեր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է.-«Նրանք չեն ուզում, որ մենք հարվածենք նրանց, մենք մեծ նավատորմ ունենք այնտեղ»՝ նկատի ունենալով ավիակիրների խումբը, որը նա բազմիցս անվանել է «նավատորմ»։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նախօրեին լրագրողներին ասել է, որ Թրամփը փորձում է պարզել, թե արդյոք հնարավոր է համաձայնության գալ, բայց նաև նախազգուշացրել.
«Մինչ այս բանակցությունները տեղի են ունենում, ես կցանկանայի հիշեցնել իրանական ռեժիմին, որ նախագահը բացի դիվանագիտությունից իր տրամադրության տակ ունի բազմաթիվ տարբերակներ՝ որպես աշխարհի պատմության մեջ ամենահզոր բանակի գերագույն հրամանատար»:
Թրամփը զգուշացրել էր, որ եթե հնարավոր չլինի գործարք կնքել, ապա «վատ բաներ կարող են տեղի ունենալ»։ Իրանն էլ զգուշացրել է, որ ցանկացած ռազմական հարվածի կոշտ կարձագանքի:
Օրերս էլ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հարցազրույցների մեկում շեշտել է. «Նա [Թրամփը] խոսելու է բոլորի հետ, փորձելու է իրագործել այն, ինչ կարող է ոչ ռազմական միջոցներով, և եթե նա զգա, որ ռազմական տարբերակը միակ տարբերակն է, ապա, ի վերջո, նա դա է ընտրելու»: