
2025 թվականի մարտ ամսին ահազանգ ստացվեց Երևանի բուսաբանական այգու ծառուղու հատման մասին։ Դրանից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացրեցին, որ «ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ։
Վարույթի շրջանակներում իրականացված զննության արդյունքում այգու հարավ-արևելյան հատվածում արձանագրվել էր «Կաղնի ամառային» տեսակի 34 ծառի ապօրինի հատում (35-74 սմ տրամագծով)։ Շրջակա միջավայրին հասցված վնասը գերազանցել էր 16․5 մլն դրամը։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։



Անցել է գրեթե տասը ամիս. «Էկոսֆերան» Քննչական կոմիտեից հետաքրքրվեց գործի ընթացքով։
«Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելու կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։