5 փետրվարի 2026 – 13:52 AMT
PanARMENIAN.Net – Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի շենքի մոտ նախաձեռնել է ակցիա՝ «ի պաշտպանություն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների և Բաքվում պահվող գերիների»։ Բողոքի միջոցառումը կազմակերպվել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի այցի առթիվ։
«Իլհամ Ալիևն իր ու իր փոքրիկ գործընկեր Նիկոլ Փաշինյանի ամենաթողությամբ փորձում է տարածաշրջանում հաստատել հակաժողովրդավարական համակարգ։ Մենք այսօր եկել ենք բարձրաձայնելու այն անարդարությունների մասին, որոնք տիրում են։ Դրա մասին լռելը, չխոսելը հավասարազոր են հանցագործության, դրա դեմը չառնելը հավասարազոր է հանցագործության»,–ԱԺ դիմաց ընթացող ակցիայի ժամանակ, հեռակա դիմելով ԱԺ այցելած Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին, հայտարարել է ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը, հայտնում է Panorama.am-ը:
ՀՀԿ-ականը նշել է, որ իշխանությունները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացնում են կեղծ տեղեկանքներ, ժողովրդավարության մասին հանդես են գալիս տարատեսակ հայտարարություններով, որոնք որևէ կերպ կապ չունեն իշխանության վարած քաղաքականության հետ։
Բանախոսն ընդգծել է՝ ԵՄ դոկտրինը, արմատներն ի սկզբանե եղել են ժողովրդավարության, ազատ խոսքի, ազատ տեղաշարժի, իրավունքի կոնտեքստում, և այս ամենի ֆոնին լռել, չբարձրաձայնել, չստիպել, որ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները վերջ տան ամենաթողությանը, հանգեցնելու է նոր աղետների։
Ակցիային մասնակցում են քաղաքացիներ, պատգամավորներ, հոգևորականներ:
Ակցիայի ընթացքում հայտնի դարձավ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամները Բաքվում դատապարտվել են ցմահ ազատազրկման, միայն Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը՝ 20 տարվա ազատազրկման: