5 փետրվարի 2026 – 14:07 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը փտրվարի 3-ին կայացած «Save Armenia 2.0 Launch» միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ մոտեցումները կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում։
Դեսպանն ընդգծել է, որ կրոնի ազատությունը մարդու հիմնարար ազատություններից է, որը հնարավորություն է տալիս անհատներին ձևավորել իրենց ինքնությունը, արժեքներն ու բարոյական ընտրությունները՝ առանց վախի, ճնշման կամ խտրականության։
Իր ելույթում դեսպանը նշել է, որ Հայաստանը, որպես առաջին երկիր, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, ունի հարուստ պատմական փորձ հավատքի դերի առնչությամբ՝ ազգային ինքնության և մշակույթի պահպանման գործում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ժամանակակից Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ՝ անկախ իրենց կրոնական համոզմունքներից։
Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստանի կրոնական բազմազան միջավայրը՝ ընդգծելով, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առանձնահատուկ դերի կողքին, երկրում ազատորեն գործում են եզդիական, հրեական, մահմեդական, կաթոլիկ, ավետարանական և այլ կրոնական համայնքներ, որոնց իրավունքները պաշտպանված են նույն իրավական դաշտում։
Դեսպանը կարևորել է այն հանգամանքը, որ հավատքի ազատության պաշտպանությունը նպաստում է հասարակական կայունությանը և ժողովրդավարական դիմակայունությանը՝ նշելով, որ կրոնի քաղաքականացումն ու շահարկումը կարող են խորացնել բաժանումներն ու վտանգել երկարաժամկետ անվտանգությունը։
«Միևնույն ժամանակ, դեսպան Մկրտչյանը ափսոսանք է հայտնել, որ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի հեղինակավոր հարթակը օգտագործվել է օլիգարխների կողմից ղեկավարվող քաղաքական շարժման կողմից՝ Հայաստանի ժողովրդավարական ճանապարհը վարկաբեկելու և նախընտրական գործընթացների վրա ազդեցություն գործադրելու նպատակով։
Ամփոփելով՝ դեսպան Նարեկ Մկրտչյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակել պաշտպանել կրոնի կամ հավատքի ազատությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ այն դիտարկելով որպես ժողովրդավարական կայունության և տևական խաղաղության հիմնարար բաղադրիչ։ Նա իր խոսքը եզրափակել է Աստվածաշնչի 16:8 առակով. «Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։
Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։