Մոսկվայում այսօր հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այդ հանդիպման մասին երեկ տեղեկացրել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ասել էր, որ Լավրովն ու Սիմոնյանը կքննարկեն երկկողմ գործակցությանը վերաբերող արդիական հարցեր և տարածաշրջանային խնդիրներ։ «Հատուկ ուշադրություն կդարձվի Մոսկվայի և Երևանի գործակցությանը եվրասիական ընդհանուր կառույցներում և այս ուղղությամբ երկխոսությանը»,-նշել էր Զախարովան։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ին մեկնել է Մոսկվա Ռուսաստանի Պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։
Մոսկվայի համար տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանի նկատմամբ սպառնալիքի վերաբերյալ որևէ հայտարարության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է հիբրիդային սպառնալիքների մասին Երևանից հնչող հայտարարություններին և նշել, որ ԵՄ-ն անընդհատ Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնում՝ լինելու Ռուսաստանի հետ, թե ԵՄ-ի։
«Մեզ համար մի փոքր տարօրինակ է պարբերաբար լսել Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող որոշ առասպելական հարձակումների, ՀԱՊԿ-ի կողմից գոյության սպառնալիքի մասին պարբերաբար հնչող հայտարարություններ և այս համատեքստում ես կնշեի նաև մեր ընդհանուր պատմությունը կասկածի տակ դնելու փորձերը»։
Հայաստանը չի փորձում որևէ բան անել Ռուսաստանի դեմ, նման ընկալում Հայաստանում չկա և երբեք չի լինի, հակադարձել է Ալեն Սիմոնյանը։ Բայց նա նաև շեշտել է, որ Հայաստանը հարցեր ունի ՀԱՊԿ-ի հետ կապված, որոնց պատասխանները դեռ չի ստացել, սակայն պաշտոնական Երևանը չի կարծում, որ ՀՀ–ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից․
«Ես չեմ ուզում, որ Ռուսաստանում նման ընկալում լինի, որ Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ, բարեկամ, դաշնակից պետության դեմ, թեև իրականում կան ինչ-որ հարցեր, որոնք պետք է քննարկվեն։ Հասկանում եմ, որ Ձեր պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ քննարկում եք դրանք։ Ուզում եմ վստահեցնել, որ մենք չունենք նման ընկալում ու երբեք չենք ունենա։ Կարծում եմ՝ դա սխալ է այն ամենի հանդեպ, ինչ մենք արդեն ունենք»։
ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ ԵՄ անդամակցությունն ու ԵԱՏՄ-ի հետ գործակցությունը անհամատեղելի են, սակայն Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը։
Այս մասին ավելի վաղ խոսել էր նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, սակայն Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ–ն տնտեսական միությունից աստիճանաբար վերածվում է ռազմաքաղաքական միավորման։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը երբևէ պաշտոնապես սկսի ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ, դա երկար տարիներ կտևի, և այդ ընթացքում անհրաժեշտ կլինի ուշադիր հետևել ԵՄ զարգացման դինամիկային։
«Մենք պետք է հետևենք նաև այն հայտարարություններին, որոնք այսօր հնչում են Եվրոպական հանձնաժողովից և Բրյուսելից՝ կապված այն փաստի հետ, որ Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միավորի։ Եվրամիության բնույթը փոխվում է մեր աչքի առաջ, և սա նույնպես պետք է հաշվի առնվի»:
Օվերչուկը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես, անդրադառնալով այս թեմային, նշել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր ինտեգրացիոն միավորումների։
Այս տարի Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս Լավրովն ընդգծել է, որ Եվրոպայից ազդանշաններ կան, թե ինչ-որ մեկը մտադիր է միջամտելու դրանց և, այդ համատեքստում հստակ հղում է արվում Ռուսաստանի Դաշնությանը։ Իսկ երբ Երևանից կոչեր են արվում ԵՄ-ին, որ օգնեն Հայաստանին կանխելու նման միջամտությունը, դա Մոսկվային տարօրինակ է թվում՝ ասել է Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը վստահեցնում է, որ Մոսկվան մնում է Երևանի առևտրային հիմնական գործընկերը և պատրաստ է ընդլայնելու գործակցությունը։
«2015 թվականից սկսած մեր համախառն ներքին արդյունքը կազմում էր 10,5 մլրդ դոլար, իսկ այսօր՝ 26 մլրդ դոլար։ Այն աճել է 2,5 անգամ․ սա հստակ փաստ է, և որևէ ձևով չեմ մեկնաբանի։
Մոսկվան մնում է ձեր առևտրատնտեսական հիմնական գործընկերը, և մենք լրջորեն ենք վերաբերվում այս դիրքորոշմանը։ Մենք հանձնառու ենք ընդլայնելու այս գործակցությունը և առաջ մղելու խոշոր ենթակառուցվածքային նախագծերը»։
ՌԴ ԱԳ նախարարը հիշատակել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնագրի մասին։ Նա վստահեցրել է, որ 2020-2022 թթ․ երեք երկրների ղեկավարների մակարդակով համաձայնեցված բոլոր կետերը արդիական են, հատկապես տարածաշրջանում առկա բոլոր տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրները լուծելու համար։