Ի՞նչն է մոտիվացնում բանակներին

Աշխարհում եւ, մասնավորապես, Եվրոպայում երիտասարդների, դեռահասների որոշ շրջանակներում կրկին «նորաձեւ» են դարձել ֆաշիստական խորհրդանիշները: Նման երեւույթներ ես նկատում եմ նաեւ Հայաստանում: Դա ինձ համար խիստ ցավալի է ոչ միայն որպես ազատական պահպանողական գաղափարների կողմնակցի, այլեւ՝ որպես Մեծ հայրենական պատերազմի մասնակցի թոռան: Բայց երեխաներին մեղադրելն ամենասխալ գործն է. նրանք կա՛մ կրկնում են այն, ինչ մենք ենք ասում, կա՛մ, դեռահասների պարագայում՝ գուցե ավելի հաճախ, ակտիվորեն հակադրվում են մեր ասածներին՝ տեսնելով իրականությունը:

Վերջերս Իտալիայում, այդ երկրի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոնի մրցաշարում, այն բանից հետո, երբ 22-ամյա Մարիո Մուսոլինին՝ Իտալիայի բռնապետի ծոռը, գոլ խփեց, ֆուտբոլիստի երկրպագուները նրան ողջունեցին նացիստներին բնորոշ ձեռքի ժեստով: Ինձ թվում է, որ նման երեւույթները ծայրահեղական արձագանքն են այն քարոզչության, որը վերջին 30 տարիներին տարվում է Եվրոպայում եւ հետխորհրդային տարածքի մի մասում:

Չեմ կարծում կամ, համենայնդեպս, չեմ ուզում հավատալ, որ այսօրվա երիտասարդները տարված են հենց նացիոնալ-սոցիալիզմի մարդատյաց գաղափարներով: Շատ ավելի հավանական է, որ նրանք այլեւս չեն ուզում ապրել դոնդողանման, անսեռ, անհամ միջավայրում, եւ նրանց գաղափարական հստակություն է պետք: Պարզապես Հին Հռոմից եկած ցայտուն ժեստերի եւ խորհրդանշական ամբողջ համակարգի մեջ նրանք որոշակի գրավչություն են տեսնում:

Իսկ բովանդակությունը կարող է «ճիշտ հակառակը» լինել: Ո՞ր երկրներն են անցած տարվա ընթացքում հասել զգալի հաջողությունների: Կարծում եմ՝ հաջողակների շարքում առաջիններից մեկն Իսրայելն է, որի բանակում երիտասարդները կռվում են կրոնի վրա շաղախված ազգայնականության դրոշի տակ: Դա՛ է նրանց մոտիվացիան, եւ, ի դեպ, այժմ դժվար է պնդել, որ Իսրայելն աշխարհիկ պետություն է: Այդ երկիրն այսօր անցնել է բոլոր հնարավոր միջազգային-իրավական «կարմիր գծերը». պատահական չէ, որ Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին ձերբակալելու հրահանգ է տվել: Բայց Իսրայելի ցույց տված «արդյունքի» վրա դա որեւէ ձեւով չի ազդում: (Առայժմ՝ համենայնդեպս): Այդ առումով մենք շատ բան ունենք սովորելու նաեւ Թուրքիայից եւ Ադրբեջանից՝ իրենց «աշխարհիկ ազգայնականության» մոդելով: Ինչպես հայտնի է, հենց թշնամուց է պետք ամենաշատը սովորել:

Այդ մեզ է թվում, որ եկեղեցու, պատմության, ազգային ինքնության վրա հարձակվելով, Եվրոպայի աչքին երեւալով «գերազանցիկ» եւ «բաստիոն» (բայց չլինելով այդպիսին), մենք ապահովում ենք մեր անվտանգությունը:

Արդեն բազմիցս ասվել է (եւ դրա հետ, կարծես թե, ոչ ոք չի վիճում), որ թշնամու նոր ներխուժումից մեզ կարող է պաշտպանել միայն մեր բանակը: Բայց դրան պետք է ավելացնել՝ այնպիսի բանակը, որը կռվելու մոտիվացիա ունի: Ի՞նչն է մեզ համար մոտիվացիա ստեղծում՝ դա երկար խոսակցության նյութ է: Բայց հաստատ կարելի է ասել, որ այն քաղաքականությունը, որը վարում է ներկայիս իշխանությունը, իսկական «դեմոտիվատոր» է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment