Ուկրաինական հակամարտությունը «որոշ պահի կավարտվի», և Վաշինգտոնն արդեն քննարկում է Կիևի հետ հնարավոր վերակառուցման նախագծերը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մեկնաբանելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Աբու Դաբիում եռակողմ հանդիպումները։
«Այս պատերազմը որոշ պահի կավարտվի։ Եվ երբ դա տեղի ունենա, Ուկրաինան պետք է կարողանա մոբիլիզացնել իր բոլոր տնտեսական ռեսուրսները՝ վերականգնվելու համար», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
«Այն ունի անհավանական տնտեսական ներուժ։ Դա մի երկիր է, որը, հավանաբար, կարող է կրկնապատկել իր ՀՆԱ-ն հաջորդ 10 տարիների ընթացքում՝ ճիշտ տնտեսական քաղաքականության դեպքում», – պնդել է Ռուբիոն։ «Եվ մենք, անշուշտ, հավատում ենք, որ սա երկարատև խաղաղության ռազմավարության անբաժանելի մասն է», – վստահեցրել է նա։ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ «նախապես շատ աշխատանք և մտածողություն է ներդրվել դրա վրա»։ «Մենք հույս ունենք, որ գործողություններ կարող են ձեռնարկվել, հենց որ պատերազմն ավարտվի», – հավելել է պետքարտուղարը։
Նա նաև ընդգծել է Աբու Դաբիում տեղի ունեցող հանդիպումների կարևորությունը: «Ինչ վերաբերում է բանակցություններին, դրանք տեղի են ունենում այսօր և վաղը (փետրվարի 5-ին խմբ.) Աբու Դաբիում: Լավ լուրն այն է, որ երկար ժամանակ անց առաջին անգամ մենք ունենք Ռուսաստանից և Ուկրաինայից ռազմատեխնիկական թիմեր, որոնք հանդիպում են ֆորումում, որին մենք նույնպես մասնակցում ենք մեր փորձագետներով», – հայտարարել է պետքարտուղարը: Նա հիշեցրել է, որ «Սթիվ ՈւՎիտկոֆը և Ջարեդ Քուշները նույնպես ներկա կլինեն այդ հանդիպումներից մի քանիսին»: «Մենք կարծում ենք, որ սա կարևոր է», – նշել է Ռուբիոն: