«Որպեսզի այսօր աշխատես ուժային համակարգում, պետք է դառնաս Նիկոլենց կամակատարը, ցուցարարներին անհամաչափ բռնի ձևով քաշքշես, ծեծես, բերման ենթարկես». Սամվել Հակոբյան

«Իմ պատկերացումն այն է, որ երբ մարդ դառնում է ոստիկան, մեր իրավապահ մարմնի աշխատող, նա ստանձնում է որոշ պարտականություններ և պատասխանատվություն։ Նույնիսկ եթե քաղաքացին, ինչն այս դեպքում, կարծում եմ, այդպես չի եղել, վիրավորեր կամ սադրեր ոստիկանին, որը մարդ է և որոշել է ոստիկան դառնալ, ինչը սպեցիֆիկ մասնագիտություն է և ունի իր դրական ու դժվար կողմերը, որևէ դեպքում և որևէ կերպ հնարավոր չէ արդարացնել տվյալ վարքագիծը։

Սա բռնություն է, ապօրինություն է, լկտիություն է»,- ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով համացանցում հայտնված՝ ոստիկանության բաժանմունքներից մեկում օպերի կողմից քաղաքացու նկատմամբ խոշտանգում իրականացնելու գործընթացը պատկերող տեսանյութին։

«Գուցե մարդիկ կապը չտեսնեն այս միջադեպի և քաղբանտարկյալների միջև, բայց ես ստույգ կապ եմ տեսնում, որովհետև խնդիրը արմատային է և գալիս է քաղաքական իշխանության աշխատելաոճից։ Երբ դու ստեղծում ես պետություն, որում ուժային կառույցները՝ լինի ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն թե քննիչներ, բոլորը ծառայում են քեզ, և մեծ մասն արդեն հետևում է քո ապօրինի հրամաններին, ոստիկանը հասկանում է, որ ինքն ունի ինչ-որ գործարք իշխանությունների հետ։

Եվ եթե նա առանց որևէ խնդրի խելոք ու հնազանդ կատարում է իշխանությունների ապօրինի հրահանգները, ապա ինչու ոչ, նա լավ հասկանում է, որ այդ իշխանություններն իրեն պարտք են։ Եվ եթե նա ինչ-որ տեղ, ինչ-որ ձևով անցնի օրենքի սահմանը, իրեն չեն պատժի, որովհետև նա իր գործընկերն է, նրանք մի կեղտոտ և հիվանդ համակարգի անդամներ են, միասին են։ Նրանք լավ հասկանում են, որ այսօր օրենքը և իրավունքը առաջնային չեն, առաջնային են հրահանգները։

Այդ մարդիկ ուղղակի ուզում են անել ամեն բան, ինչ իրենց հրամայում է մի անձ, որն իրենց այդտեղ նշանակել է։ Նրանք հասկանում են, որ դա է ուժային համակարգում աշխատելու պայմանագիրը, պայմանը։

Այսինքն՝ որպեսզի աշխատես ուժային համակարգում, պետք է դառնաս Նիկոլենց կամակատարը, պետք է ցուցարարներին անհամաչափ բռնի ձևով քաշքշես, ծեծես, բերման ենթարկես։ Եվ երբ դա անում ես, և դա քո համար դառնում է սովորական, մի օր էլ այլ քաղաքացիների, որոնց ձերբակալելու կամ բերման ենթարկելու պատճառը քաղաքական չի եղել, միևնույն է, դու արդեն նարկոտիկի պես զգում ես օրենք խախտելու թուլությունդ, որովհետև գիտես, որ քեզ չեն պատժելու»,- ասաց Սամվել Հակոբյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment