ՄԻՊ-ը՝ ոստիկանի կողմից բռնության մասին․ Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է

ՄԻՊ-ը՝ ոստիկանի կողմից բռնության մասին․  Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է

4 փետրվարի 2026 – 18:40 AMT

PanARMENIAN.Net – Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է ոստիկանության ծառայողի մասնակցությամբ քաղաքացու խոշտանգման վերաբերյալ տեսանյութին՝ նշելով, որ բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է:

Նա նշել է, որ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով նույն օրը համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը: Նշենք, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»,- ասված է հաղորդագրությունում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյբուքյան իր էջում արձագանքել է ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութին՝ նշելով, որ ոստիկանը պետք է կալանավորվի:Ըստ նրա՝ եթե դա չարվի, ստիպված կլինեն արձանագրել, որ ՔԿ-ն նպաստում է այդ հանցատեսակին:

Leave a Comment