ԻՀՊԿ-ն ահաբեկչական ճանաչելու որոշումը՝ քաղաքական ուղերձ Թեհրանին

Եվրամիությունն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Պատճառը Իրանում ծավալված բողոքի ցույցերի ժամանակ իշխանությունների  կիրառած բռնաճնշումներն են։  Դրանք  չեն կարող անպատասխան մնալ՝ հայտարարել է  ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատարը։ Փորձագետներն այս քայլը Թեհրանին ուղղված հստակ քաղաքական ազդանշան  են համարում։

Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց ճանաչելու որոշումը քաղաքական և բարոյական պատասխան է Իրանի իշխանությունների գործողություններին։

«Բռնաճնշումները չեն կարող անպատասխան մնալ։ Յուրաքանչյուր ռեժիմ, որ սպանում է իր քաղաքացիներին, գնում է դեպի իր սեփական փլուզումը»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը որոշումը համարում է  ուշացած, բայց անհրաժեշտ քայլ։ Սա վաղուց պետք է արվեր՝ շեշտել է նա։ ԵՄ որոշումից օրեր անց Ուկրաինան ևս պաշտոնապես ճանաչել է ԻՀՊԿ-ն որպես ահաբեկչական կազմակերպություն։ Որոշումն անմիջապես հրապարակվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պաշտոնական կայքում։ Այսօր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակ ընդգրկված է 27 կառույց։

Փորձագետները նկատում են, որ քայլը ավելի շատ քաղաքական, քան իրավական բովանդակություն ունի։ Ավելի վաղ՝ 2019-ին, ԱՄՆ-ն, ապա նաև Կանադան, Ավստրալիան ու Շվեդիան էին ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել՝ նկատում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։

«Այդ որոշումն ավելի շատ  սիմվոլիկ քայլ է և ցուցիչն է ընթացիկ փուլում Իրան-Արևմուտք հարաբերությունների լարվածության։ Այս առումով, իրականում, սա շատ սպասելի  էր և անկանխատեսելի չէր՝ հաշվի առնելով այս ողջ տարիների ընթացքում Իրան-Արևմուտք հարաբերությունների բնույթը»։

Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյան էլ նկատում է․

«Ենթադրվում է, որ դա նաև ԵՄ-ԱՄՆ հարաբերությունների համար է արվել, որպեսզի մի քիչ, այսպես ասած, ջերմանա Միացյալ Նահանգներ-Եվրոպական միություն հարաբերությունները Իրանի հարցում։ Բայց հնարավոր է նաև, որ դա ներքին որոշման արդյունք լինի։ Պարզապես դրա իրավական հետևանքները պետք է հասկանանք՝ կարդալով այդ որոշման բովանդակությունը»։

ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց ճանաչելուն  զուգահեռ՝ Եվրամիությունը սահմանել է վիզային արգելքներ և ակտիվների սառեցում 21 իրանցի պաշտոնյաների և պետական մարմինների նկատմամբ։ Ցանկ են ներառված Իրանի ներքին գործերի նախարարը, գլխավոր դատախազը, տարածաշրջանային որոշ հրամանատարներ։

ԵՄ որոշմանը Իրանի իշխանությունների սուր պատասխանը չուշացավ։ Որպես հակաքայլ Իրանի խորհրդարանը ԵՄ երկրների բանակները ներառեց «ահաբեկչական խմբավորումների» ցանկ և սկսեց քննարկել եվրոպական ռազմական կցորդներին երկրից վտարելու հարցը։

Իրանի Մեջլիսի նախագահության անդամ Ալիռեզա Սալիմին այդ առնչությամբ հայտարարել է, որ ահաբեկիչներին անվտանգ ապաստան տրամադրելը հակասում է գործող օրենսդրությանը։

«Հետևաբար, այդ երկրների ռազմական կցորդները պետք է հնարավորինս շուտ վտարվեն Իրանից, քանի որ նրանք ահաբեկիչներ են»։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ որոշումը որակել է «ռազմավարական լուրջ սխալ», իսկ խորհրդարանի խոսնակը մեղադրել է Եվրոպային ԱՄՆ շահերը սպասարկելու համար։ Իրանի արձագանքը ԵՄ որոշման տրամաբանության մեջ է՝ ասում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։

«Այսինքն, այս առումով Իրանը գործեց նույն կերպ, ինչպես գործեց 2019-ին, երբ որ ահաբեկչական ճանաչեց ԱՄՆ զինված ուժերի մի մասը։ Այսինքն, սրանք զուտ ավելի շատ հռետորաբանական ու սիմվոլիկ մակարդակում տարվող գործողություններ են ու այդ առումով ռեալ գործնական ազդեցություն չեմ կարծում դրանք ունենան, որովհետև առանց այդ էլ շփումներն արդեն իսկ սահմանափակ էին, շարունակվելու է նույն ձևով։ Հետևաբար մեծ փոփոխություններ նրանից, որ միմյանց ճանաչում են ահաբեկչական, չեմ կարծում, թե կարող ենք ակնկալել։ Իհարկե լարվածությունը կա, այդ լարվածությունը կարող է նույն տեմպերով պահպանվել, բայց ինչ-որ շրջադարձային փոփոխությունների չեմ կարծում, թե կհանգեցնի»։  

ԵՄ-ն որոշումը պայմանավորում է Իրանում վերջին շաբաթներին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի դաժան ճնշմամբ։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ անվտանգության ուժերը, ներառյալ ԻՀՊԿ-ն, ցուցարարների նկատմամբ բռնություն են կիրառել։
Տարբեր գնահատականներով՝ զոհերի թիվը հասնում է հազարների, իսկ որոշ աղբյուրներ խոսում են մինչև 30 հզր զոհի մասին։

Փորձագետների գնահատմամբ՝ թեև ԻՀՊԿ-ի ահաբեկչական ճանաչումը հիմնականում քաղաքական ազդանշան է, սակայն ուժեղացնում է Իրանի միջազգային մեկուսացումը։ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի երկու կողմերի հետ, որքանո՞վ այս որոշումը կարող է ազդել մեր տարածաշրջանի վրա, հատկապես Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում։ Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանն ազդեցության հնարավորությունը չի բացառում՝ միաժամանակ նկատելով.   

«Պարզ է որ թե ԵՄ-ն, թե Իրանը հասկանում են, որ Հայաստանը շատ, այսպես ասած մանևրելու տեղ չունի և միևնույն ժամանակ հասկանում են, որ Հայաստանին ինչ-որ առումով շատ ճնշման չպիտի ենթարկեն երկու կողմից էլ»։

Հետագա իրադարձությունները կախված են նաև դիվանագիտության աշխատանքից՝ եզրափակեց Տարոն Սիմոնյանը։

Leave a Comment