«Ի դեպ»․ Ոստիկանական հերթական ամենաթողությունը

Ի դեպ, համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ներքին գործերի նախարարության աշխատակիցը հայհոյում, բռնության ենթարկում քաղաքացուն։ Ըստ տարածված տեղեկության՝ խոշտանգվող տղամարդը ենթադրյալ հանցագործի հարազատ է։

Մինչ այդ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը զբաղված էր իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներով, Ներքին գործերի նախարարության խոսնակը շտապեց տեղեկացնել, որ տվյալ ոստիկանի լիազորությունները կասեցվել են։

Խոսքը չի գնում կալանքի մասին, անգամ աշխատանքից ազատման մասին խոսք չի գնում, ընդամենը կասեցրել են լիազորությունները, մինչև ծառայողական քննություն ընթանա, նոր որոշում կայացնեն։ Իսկ ծառայողական քննությունը հանրությունից թաքուն ու անհասկանալի տևողությամբ գործընթաց է։ Լիազորությունների կասեցումը ընդամենը մեղմ պատիժ է։

Պատկերացնո՞ւմ եք, եթե որևէ ընդդիմադիր որևէ մեկին ծեծեր կամ միայն հայհոյեր ու այդ մասին անգամ տեսանյութ չլիներ, այլ՝ միայն ասեկոսե, վստահաբար, մեզ ու ձեզ շատ հայտնի դատավորը դատախազության՝ անհապաղ կալանքի միջնորդությունը կբավարարեր։

Իսկ ոստիկանին կարելի է։

Հիշեցնենք, տարբեր ժամանակահատվածում տարբեր ցույցերի ընթացքում քաղաքացիներին, փաստաբաններին, պատգամավորներին ծեծի ենթարկած ոստիկանների լիազորություններն էլ էին ժամանակին կասեցվել, կարճ ժամանակ անց՝ վերադարձվել աշխատանքի։

Գուցե ավելորդ չէ հիշել Նիկոլ Փաշինյանին, իբր՝ օրենքը հավասար է բոլորի համար, արտոնյալներ չեն լինելու կամ էլ՝ բռնություն գործադրողները պետք է նետվեն աղբամանը։

 

 

 

Leave a Comment