Բռնության որևէ դրսևորում անընդունելի է․ ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի դեպքով դիմել ենք դատախազություն. ՄԻՊ


Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:


 


«Քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով նույն օրը համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:


 


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։


 


Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը:


 


Նշենք, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:


Մարդու իրավունքների պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։


 

Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]»,- ասված է հաղորդագրությունում։


 

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր շրջանառվել, որում երևում է, թե ինչպես է իրավապահ համակարգի ներկայացուցիչը բռնի ուժ կիրառում և հայհոյանքներ հնչեցնում մի քաղաքացու նկատմամբ՝ փորձելով ցուցմունք կորզել:


 


Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ 


 


Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում:  


 

Դիտումների քանակ2

Leave a Comment