Ռուբեն Սևակ՝ ծննդյան անունով Ռուբեն Չիլինկիրյան. մեր գրականության լավագույն լուսատուներից մեկը՝ ծնված 1885-ի փետրվար 15-ին, Սիլիվրի գյուղաքաղաքում: Մինչև 1915թ. Սիլիվրին Պոլսի մերձակա, Մարմարային ծովահայաց գյուղաքաղաքներից էր, որտեղ 160 տան պատկանում էր մոտ 1000 հայերի:
Այստեղ էր Ասքանազյան վարժարանը, որտեղ նախնական կրթությունը ստացել էր Ռուբենը և Սուրբ Գէորգ եկեղեցին։ Չիլինկիրյանները գյուղաքաղաքի հարուստ ընտանիքներից էին՝ ունեին կալվածքներ։ Ռուբեն Սևակը գրում է, որ եթե բժիշկ չդառնար, պիտի հողագործությամբ զբաղվեր։ «Ամենավերջին փափաքս է օր մը կարենալ գիւղ քաշուիլ ու կեանքիս վերջին տարիները դաշտերուս ու հողերուս վրայ անցընել լռութեան ու բնութեան մէջ»:
Բայց Օսմանյան կայսրությունում ծրագրված և իրագործված հայոց ցեղասպանությունը վերջ դրեց ամեն կյանքերի և երազների: Մինչև 1914թ. ապրում և աշխատում էր Լոզանում: Ավարտել էր տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատանքի անցել քաղաքի հիվանդանոցներից մեկում: Լոզանում էր գտել իր մեծ սերը: Շատ պատահաբար օրիորդաց վարժարանի կողքով անցնելիս, տեսել էր նրան՝ Յաննի Ապելին: Ապա՝ ծնվել էր նրա առաջին զավակը՝ Լևոնը: Երջանիկ էր իր Յաննիի հետ: Գրում էր իր չքնաղ բանաստեղծությունները, սպասում երկրորդ զավակի ծնունդին:
Ի՞նչ էր պակասում Ռուբեն Սևակին: Պակասում էր հայրենիքը՝ իր ծննդավայրը: Եվ ապահով Եվրոպաները թողնելով՝ կնոջ և որդու հետ վերադառնում է Կոստանդնուպոլիս՝ երազանքով, որ 2-րդ երեխան կծնվի իր հայրենիքում և կշարունակվի իրենց հովվերգական կյանքը: Այդպես էլ լինում է, Կոստանդնուպոլսում լույս աշխարհ է գալիս Շամիրամը: Բայց հովվերգական կյանքի սպասումները վեր են ածվում իրական արհավիրքի: Չանղըրըի բանտում թուրք ավազակապետը, որի աղջկան բուժած է լինում Ռուբենը, առաջարկում է իսլամ ընդունել, ամուսնանալ իր աղջկա հետ և փրկվել ստույգ մահից: Ռուբենը բնականաբար մերժում է այս առաջարկը:
Երբ 1915թ. օգոստոսին Ռուբեն Սևակը նահատակվեց։ Սիլիվրիի իրենց տունը դեռ կանգուն էր և ծնողները բնակվում էին այնտեղ: Հետո հունական բանակը մտավ գյուղաքաղաք և Չիլինկերյանների տան վերնահարկը բանակային կենտրոնատեղի դարձավ: 1920-ին մահացավ հայրը՝ Հովհաննեսը, և հույները նրան հուղարկավորեցին զինվորական պատիվներով՝ ի հիշատակ Ռուբեն Սևակի: Բայց շուտով Սիլիվրին ընկավ: Ռուբեն Սևակի մայրը՝ Արմավենի Չիլինկիրյանը, հունական բանակի հետ լքեց հայրենի գյուղաքաղաքը, հասավ Սալոնիկ և մահացավ այստեղ 1934-ին: Մեծ բանաստեղծի մայրը թաղված է քաղաքի հայկական գերեզմանատանը:
Մեկդարյա Հայաստանի ռադիոյի ձայնադարանը լեցուն է Ռուբեն Սևակի բանաստեղծությունների տարբեր ընթերցումներով: Դրանց մեջ են նաև հրաշալի դերասան Խաչիկ Նազարեթյանի կատարումները, որ ձայնագրված են 46 տարի առաջ՝ 1980 թվականին:
Այս տարի հունվար 18-ին, Խաչիկ Նազարեթյանը կդառներ 95 տարեկան: Ցավոք, նա հեռացավ մեզնից 2002-ին, երբ 71 տարեկան էր: Արևմտահայերենի հրաշալի տիրապետումը և ամենից կարևորը՝ լեզվի զգացողությունը, հատկապես հմայիչ են դարձնում արևմտահայ գրականության նմուշների մեկնությունները: Չմոռանանք, որ նա ծնվել էր Պլովդիվում՝ Բուլղարիա: