Իշխանության ներկայացուցիչը գիտի, որ ունի կայուն ֆինանսական «բարձիկ» և նա ազատ է զգում մտնելու դատական արկածների մեջ

Մեկ անգամ ևս ուզում եմ անդրադառնալ պարգևավճարների խնդրին, այս անգամ՝ Փաշինյանի արդարացումների դիտանկյունից՝ «Մենք դեպքեր ունենք, որ մարդիկ իրենց պարզ իրավունքները պաշտպանելու համար, որը, ճիշտ է, դատարանի որոշումով հասել են արդյունքի, բայց 1-1.5 մլն դրամի ծախսերից հետո դատարանները փոխհատուցում են իրենց ծախսերի 10 կամ 20 տոկոսը։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հայտնի շրջանակները բազմամիլիոնանոց դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ և մենք այն գնահատում ենք , որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք։»։

Մեկ կրակոցով՝ երկու թիրախ

Այն, որ պարգևավճարները որևէ կապ չունեն աշխատանքի արդյունավետության և կառավարման հետ, յուրաքանչյուր քաղաքացի համոզվում է իր առօրյա կյանքով։ Դրանք տրվում են քաղաքական լոյալության ապահովման նպատակով. և սա նույնպես տեսանելի է։ Բայց սրան զուգահեռ՝ լուծվում է ևս մի կարևոր խնդիր՝ իշխանության ներկայացուցիչը գիտի, որ ունի կայուն ֆինանսական «բարձիկ» և նա ազատ է զգում մտնելու դատական արկածների մեջ, վիրավորելու և պիտակավորելու քաղաքական հակառակորդներին, չմտահոգվելու հնարավոր փոխհատուցումների կամ դատական ծախսերի հետևանքներով։

Մի կողմից՝ իշխանության ներկայացուցիչները ազատ են իրենց արտահայտություններում, որովհետև քաղաքական կաշառքով երաշխավորված են դատարանի որոշումներից, մյուս կողմից՝ սա փայլուն հնարավորություն է դատական հայցերով կաշկանդել լրատվամիջոցներին։

Սա է պատճառը, որ իշխանական շրջանակներին մոտ կանգնած անձինք ավելի ու ավելի հաճախ են լրատվամիջոցների դեմ դիմում դատարաններ՝ պահանջելով միլիոնավոր դրամների փոխհատուցում։ Նրանց համար դա ռիսկ չէ․ ռիսկը տեղափոխված է մեդիայի վրա։

2025թ. ընթացքում 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել՝ վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։ Ներկայացվել է նաև գումարային փոխհատուցման պահաջ՝ ընդհանուր 66 մլն 700 հազար դրամ։ Ընդ որում այս գումարը չի ներառում դատական ծախսերը: Հայցվորների մեծ մասը պետական պաշտոնյաներ են կամ իշխանության հետ սերտորեն կապված անձինք։

Էլինար Վարդանյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Leave a Comment