Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում եւ կից մի շարք օրենքներում: Պետական եկամուտների կոմիտեն, ձեւավորելով միջգերատեսչական հանձնաժողով, անցկացնում է խաղային օպերատորի մրցույթ: Նախատեսվում է, որ 15 տարվա ժամկետով ներգրավվելու է խաղային գործունեության ոլորտի օպերատոր, որը կարգավորելու է ոլորտի գործունեությունը թվային առումով: Ստեղծվելու է թվային ենթակառուցվածք, որն ինտեգրվելու է բոլոր օպերատորների հետ: Արդյունքում ստացվելու է տեղեկատվություն կատարվող բոլոր գործողությունների վերաբերյալ, այսինքն՝ համապարփակ տեղեկատվություն է ստացվելու ոլորտի մասին, ինչն այս պահին բացակայում է: Այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանն ու հավելել, որ այս ոլորտում ՊԵԿ-ի ներդրած թվային տեխնոլոգիաները բավարար չեն եւ այդ պատճառով էլ կազմակերպվել է գործընթացը:
Երբեմն որոշ անբարեխիղճ մասնակիցներ փորձում են դատական գործընթացներով խոչընդոտել մրցույթի անցկացումը: Նման իրավիճակներից խուսափելու համար թե՛ «Գնումների մասին», թե՛ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքների կարգավորումները տրված են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ըստ այդմ՝ եթե իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության մրցույթ, ապա այնպիսի հայցի ապահովում չի կարող կիրառել դատարանը, որի արդյունքում մրցութային գործընթացը կկասեցվի: ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով նմանատիպ կարգավորում է ներդրվում այս փաթեթով խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի վերաբերալ: Արդյունքում՝ եթե կլինի դատական գործընթաց, մասնակիցների իրավունքները երաշխավորված են, կարող են դատարան դիմել, այդ դատական գործընթացը շարունակել, բայց մրցութային գործընթացը չի կասեցվի, կշարունակվի ու կավարտվի: Համապատասխան դատական ակտ լինելու դեպքում, վերջնական արդյունքները կճշգրտվեն: «Իրավունքներն ապահովված կլինեն, բայց, միեւնույն ժամանակ, չի խաթարվի պետական կարեւոր գործընթացը»,- ընդգծել է ՌաֆայելԳեւորգյանը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձել է Հայաստանում չգրանցված եւ ապօրինի գործող ընկերությունների ուղղակի կամ անուղղակի գովազդի կանոնների խախտումների ու այդ ընկերությունների կայքերի հասանելիության սահմանափակման հարցին:
ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով ինտերնետի լայն հասանելիության պայմաններում բարդ է սահմանափակել ապօրինի խաղատների գործունեությունն օնլայն տիրույթում: Նա տեղեկացրել է, որ ՊԵԿ-ում քննարկվել են այս կիսամյակի առաջնահերթությունները եւ դրանցում ներկայացվել է օնլայն խաղատների ստվերային շուկայի վերահսկողության կարգավորմանը վերաբերող նախաձեռնություն, որով եռաշերտ պաշտպանություն է նախատեսվում:
Քննարկումների արդյունքում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել քննարկվող հարցի վերաբերյալ: