
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ առաջիկա կիսամյակում նախատեսվում է ավարտին հասցնել նոր Սահմանադրության տեքստի մշակումը, իսկ մարտին այն կհրապարակվի։
Մամուլի ասուլիսի ընթացքում նա նշել է, որ առաջնահերթություններից է նաև բարեվարքության վերաբերյալ եզրակացությունների եզրափակիչ մասի հրապարակման պարտադիր պահանջի սահմանումը, որն արդեն արժանացել է ԱԺ առաջին ընթերցման հավանությանը։
Գալյանի խոսքով՝ նախատեսվում են փոփոխություններ նաև դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովում՝ իրավաբան-գիտնականների թվի ավելացմամբ, ինչպես նաև կստեղծվի առանձին մարմին՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտը արդյունավետ համակարգելու համար։
Նախարարը հավելել է, որ շարունակվում են նաև պատժի կրման պայմանների և անազատության մեջ գտնվող անձանց կենսապայմանների բարելավման աշխատանքները։