TRIPP-ից մինչև էներգետիկ համակարգերի սինքրոնացում․ ՏԿԵ նախարարն ամփոփել է 2025-ը

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարն ամփոփել է 2025-ի կատարած աշխատանքները։ Դավիթ Խուդաթյանը խոսել է TRIPP ծրագրից, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միավորելու հեռանկարից։ «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան՝ նախարարը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ Մեծամորի ատոմակայանը ապրիլից 5 ամսով կդադարեցնի աշխատանքը, բայց էներգետիկ կոլապս չի լինի։ «Ռադիոլուր»-ը հարցրել է նաև, թե երբ Հայաստանը դուրս կգա ավիացիոն սև ցուցակից։ Նախարարը հայտնել է, որ թերություններ են ի հայտ եկել, բայց Քաղավիացիայի կոմիտեն այժմ աշխատում է դրանք վերացնելու ուղղությամբ։

Հայկական երկաթուղու՝ Իջևանի և Ախուրիկի հատվածները կառուցելու համար ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են՝ հայտարարում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հունվարի 15-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու դեպի Ադրբեջան և Թուրքիա որոշ հատվածների շտապ վերականգնման առաջարկին։   

«Մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ, և մեր ընկալումն այն է, որ իրենց հետ համատեղ ենք կատարելու հատվածների աշխատանքը, այսինքն՝ իրենց միջոցով»։

 ՏԿԵ նախարարությունում TRIPP նախագծի իրականացման հարցում վտանգներ չեն տեսնում։ Այն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի որդեգրած ռազմավարության ու ապաշրջափակման տրամաբանության մեջ։ Դավիթ Խուդաթյանը հիշեցնում է՝ ստեղծվել է մի ընկերություն, որտեղ բաժնեմաս ունեն Միացյալ Նահանգները (74 % – խմբ.) և Հայաստանը (26 % – խմբ.): Այս ընկերությունն է կատարելու երկաթուղու շինարարությունը, և եթե նույնիսկ ռիսկեր կան, կառավարելի կլինեն՝ վստահեցնում է նախարարը։

Խորհրդարանական վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը խոսել էր Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացման հեռանկարի մասին։ Դավիթ Խուդաթյանը նույնպես անդրադարձավ այդ հարցին․

«Մենք ռիսկեր չենք տեսնում նախագծի իրականացման համար։ Եթե անգամ լինեն դրանք, ապա կառավարելի են լինելու։ Բայց այս պահին  ռիսկեր չկան »:

ՏԿԵ նախարարն ընդգծում է՝ Հայաստանի համար առաջնահերթություն է չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոնացումը։ Դա ոչ միայն առևտրային նշանակություն ունի, այլև կայունություն է հաղորդում էներգահամակարգին․

«Այնպես, ինչպես այս պահին Հայաստանի էներգահամակարգը կայունություն է հաղորդում Վրաստանի էներգահամակարգին, և հակառակը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգը կայունություն է հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգին, և հակառակը։ Տեխնիկապես հնարավոր է չորս հարևանների հետ էլ կատարել։ Տեխնիկական խոչընդոտ, որպես այդպիսին, չկա։ Մնացածի մասով հույս ունեմ՝ զարգացումներ կլինեն, և մենք պատրաստ ենք դրանց։ Մտահոգություն չունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված։ Ավելին՝ էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի գործակցություն, նախորդ տարի՝ ամբողջ 12 ամսվա ընթացքում, կայուն կերպով էլեկտրաէներգիա ենք մատակարարել Իրան և էնտեղից ստացել ենք գազ»։

Նախարարը Թուրքիայում հանդիպել է այդ երկրի էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ։ Հարցը քննարկել են, բայց ժամկետներ չեն նախանշել։

Իսկ ե՞րբ կավարտվի Իրան-Հայաստան բարձրավոլտի կառուցումը։ Ավելի քան տասը տարի ձգձգվող կառույցի վերջնական ավարտն այս պահին ցանկությունների դաշտում է, աշխատանքի 85 %-ն արված է՝ ասում է Խուդաթյանը։

«Մենք հույս ունենք, որ 2026 թգծի կառուցումը կավարտվի՝ մեծ հնարավորություն տալով ավելի մեծ ծավալով էլեկտարէներգիա արտահանելու ԻԻՀ։ Նաև առաջընթաց ունենք դեպի Վրաստան մրցույթի մասով։ Երեք լոտերից երկուսի մասով մրցութային գործընթացներ են։ Վստահ եմ, որ 2026-ին կունենանք շինարարների հետ պայմանագիր։ Դրանք միջազգային մրցույթներ են․ մեծ հավանականություն կա, որ միջազգային ընկերությունների ներգրավմամբ կսկսենք այդ աշխատանքները»։

Օրակարգում նոր ատոմակայանի հարցն է։ Քաղաքական որոշում կա․ այն լինելու է մոդուլային։ Բայց կոնկրետ մոդելի վերջնական ընտրություն դեռևս չի կատարվել։ Վերջնական որոշում կկայացվի 2026 կամ 2027 թթ․: Նախարարը կարծում է, որ շտապելու կարիք չկա։

«Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս թեմայով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի առաջարկները։ Մոդուլային ատոմակայանների համակարգերը անցյալում լայնորեն չեն օգտագործվել, ուստի անհրաժեշտ է հետագա ուսումնասիրություն, ինչը մենք անում ենք»։

Այս տարի Մեծամորի ատոմակայանն ավելի երկար դադար կունենա։ Բայց էներգետիկ կոլապս համակարգում չի լինի՝ վստահեցնում է նախարարը, պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին․

«Շուրջ 1100 Մվտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ կան միացված ցանցին, ինչը էականորեն մեծ է։ Նախորդ տարվա էներգիայի շուրջ 15 %-ը այդ կայաններն են արտադրել․ մի փոքր ավելի պակաս, քան 15 %-ը։ Դրանք մեզ հնարավորություն կտան էներգահամակարգը պահելու անխափան վիճակում, և որպես այդպիսին սա պլանավորված ցուցանիշ է և պլանավորված գործողություն, որը մենք կատարում ենք։ Շահագործման ժամկետի երկարացման որոշակի պարբերականություն ունեք»։

Հայաստանը 2020-ից Եվրոպայի ավիացիոն անվտանգության սև ցուցակում է։ Ավիացիոն անվտանգության գործակալության՝ EASA-ի մասնագետները 2019-ին ավիացիոն անվտանգությանն առնչվող խնդիրներ էին հայտնաբերել, և Հայաստանը սև ցուցակ ընդգրկելու որոշում էր կայացվել։ Ավելի քան հինգ տարի եվրոպական երկինքը փակ է ՀՀ-ում գրանցված օդանավերի համար։ 2025-ին եվրոպացի մասնագետները ստուգումներ էին անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեում և ավիափոխադրող ընկերություններում։ Ի՞նչ արդյուք են գրանցել եվրոպացիները՝ հարցնում եմ նախարարին․

«Աուդիտն արձանագրել էր, որ մի քանի տարի առաջ անցկացված հիմնական աուդիտի միջոցով արձանագրված խախտումները վերացված են, բայց նաև ի հայտ են եկել նոր թերություններ։ Ավիացիոն կոմիտեն աշխատում է թերությունների շտկման ուղղությամբ։ Տարբեր բնույթի թերություններ են դրանք՝ տեխնիկական, օրենսդրական որոշակի փոփոխություններ են, կառուցվածքային որոշակի փոփոխություններ անելու անհրաժեշտություն ևս առաջացել է։ Սեպտեմբերյան աուդիտից հետո արձանագրված թերությունների շուրջ 60 %-ը արդեն շտկված է։ Մենք շարժվում ենք մյուսները շտկելու և օր առաջ սև ցուցակից դուրս գալու հարցը կարգավորելու ուղղությամբ»։

ԵՄ սահմանափակումը ընդհանուր ուղևորահոսքի վրա չի ազդել՝ հարցը ամփոփում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Leave a Comment