«Ի դեպ»․ Երևանը չի դիմանում անձրևներին, արևին, ձյանը ու անգամ՝ ձնհալին

Ի դեպ, Երևանում ձնհալից հետո շարունակվում է այսպես ասած ճգնաժամն ու քաոսը, այս անգամ առաջացած փոսերի, քայքայված ասֆալտի և դրա արդյունքում պարբերաբար կրկնվող ավտովթարների տեսքով։

Սոցցանցերում բազմաթիվ են քաղաքացիների հրապարակումներն ու բողոքները այս թեմայի շուրջ։ Ավան, Ջրվեժ, Արաբկիր, Աջափնյակ, Նորք Մարաշ, ամբողջ Երևանում այս իշխանության պարծանք դարձած ասֆալտը փլվում է ժողովրդի աչքի առաջ։ Այն ասֆալտը, որն առնվազն 10 տարի պետք է ծառայեր այդ նույն ժողովրդին, ունենում է ընդամենը ամիսների կյանք։

Հարկատուների փողերը աչալուրջ ծախսելու խոստում տվածները ընդհակառակը՝ քամուն են տալիս այդ գումարները։

Եվ ուշագրավ է, որ ընդամենը մեկ փողոց որակյալ ասֆալտ անել չկարողացող քաղաքապետ Ավինյանը մեկ խոսում է՝ Երևանում 70 հարկանի շենքի մասին, մեկ՝ ճոպանուղու մասին, մեկ՝ մետրոյի նոր կայանների մասին։

Արդյո՞ք՝ հաշվի առնելով այդ որակի ասֆալտապատումը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել անորակ  ասֆալտապատումը, մարդիկ կվստահեն և կօգտվեն նույն ոճով կառուցված մետրոյից ու ճոպանուղուց, ժամանակը ցույց կտա՝ եթե իհարկե կառուցեն։

Արժե հարցնել՝ ո՞ւմ համար է արվում ասֆալտը ժողովրդի՞, թե՞ որոշներին հարստացնելու։ Երբ ասֆալտը դիմանում է ընդամենը մի քանի ամիս, ուրեմն ժողովրդի հարմարավետության համար չի արվում, այլ՝ նույն տարածքը բազմիցս ասֆալտապատելու։ Իսկ ասֆալտը եկամտաբեր բիզնես է։

 

 

Leave a Comment