Փորձագետները թերահավատ են, որ ԱՄՆ-Իրան հանդիպմամբ հնարավոր է էական առաջընթաց գրանցել։ Խոսքը Ստամբուլում տեղի ունենալիք հավանական հանդիպման մասին է, որի վերաբերյալ պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտարարվում։ Միջազգային մամուլը, սակայն, ուշադիր հետևում է իրադարձություններին և անգամ բանակցությունների օրն է նշում։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ամենայն հավանականությամբ կհանդիպեն ուրբաթ օրը Ստամբուլում՝ տեղեկացնում է Axios-ը։ Պարբերականը, հղումով իր աղբյուրներին, գրում է, որ փետրվարի 6-ին նախատեսված հանդիպման ժամանակ կողմերը կփորձեն պատերազմը կանխելուն միտված գործողությունների փաթեթ մշակել։
Ամերիկյան կողմը հույս ունի, որ Թեհրանը փոխզիջումների պատրաստակամություն կդրսևորի։ Իրանական կողմն էլ հույս ունի, որ ամերիկացիների հետ հանդիպումը կլինի արդար ու արժանապատիվ։
Հայտնի է, որ Միացյալ նահանգներն Իրանից պահանջում է հրաժարվել ուրանի հարստացումից, սահմանափակել բալիստիկ հրթիռների արտադրության ծրագիրը և դադարեցնել աջակցությունը տարածաշրջանում գործող խմբավորումներին: Թեհրանը մինչդեռ վաղուց է հրաժարվել վերոնշյալ պահանջները կատարելուց։ Սակայն վերջին տեղեկությունների համաձայն՝ Իրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը նվազեցնելու մոտ 20 %-ով, եթե ամերիկյան կողմը նույնպես զիջումներ անի։ Թե ինչ զիջումների մասին է խոսքը՝ չի նշվում։ Այսօր Իրանի ուրանի հարստացման մակարդակը 60 % է։
Թեհրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին հայտարարել էր, որ Թեհրանը և Վաշինգտոնը կարող են մոտ ապագայում միջուկային արդար համաձայնության հասնել։ Այս ձևակերպումից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ում գրել է, որ արտգործնախարարին հանձնարարել է արդար և հավասար հիմունքների վրա բանակցություններ վարել, եթե հանդիպման միջավայրը զերծ լինի սպառնալիքներից և չհիմնավորված պահանջներից։
ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշը կարծում է, որ Իրանը պետք է վերակառուցի իր տնտեսությունը, իսկ դրա համար հարկավոր է վերակառուցել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ․
«Ես չգիտեմ, թե ինչ կա նախագահ Թրամփի մտքին, բայց կարող եմ ներկայացնել ԱՄԷ-ի տեսակետը։ Կարծում եմ, որ տարածաշրջանը անցել է շատ տարբեր աղետալի բախումների միջով, և չեմ կարծում, թե մեզ անհրաժեշտ է ևս մեկը։ Բայց ես կցանկանայի տեսնել իրանա–ամերիկյան ուղղակի բանակցություններ։ Չափազանց կարևոր է, որ տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող հիմնական հարցերից ամենակարևորը՝ միջուկային խնդիրը, լուծվի և չդառնա անկայունության աղբյուր»։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի համար անհավանական է թվում Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնությունը․
«Ո՛չ, ինձ համար անհավանական է, որ կարող է համաձայնագիր լինել: Մենք բազմիցս համաձայնագիր ենք կնքել իրանցիների հետ: Նրանք խաբել են, ստել և խուսափել են ստորագրած յուրաքանչյուր համաձայնագրի պահպանումից: Ես տեսա նախագահ Թրամփին, այնտեղ էի, խորհուրդ տվեցի նախագահին դուրս գալ նախորդ միջուկային փաստաթղթից, որին մենք համաձայնություն էինք տվել նախագահ Օբամայի օրոք:
Կարծում եմ, որ նրանք կարող են որոշակի փոխըմբռնման հասնել: Բայց մտածել, որ կա երկարաժամկետ լուծում, որն իրականում կայունություն ու խաղաղություն կապահովի այս տարածաշրջանում, անհավանական եմ համարում, քանի դեռ այաթոլլան իշխանության գլուխ է»:
Մայք Պոմպեոն կարծում է, որ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից, բայց նաև համոզված է, որ Թրամփն էլ չի հրաժարվի իր պահանջներից։
Միջազգային մամուլը գրում է, որ փետրվարի 6-ին նախատեսված հանդիպումը տարածաշրջանի երկրների՝ ԱՄԷ-ի, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի գործադրած ջանքերի արդյունքն է։