Խուդաթյան․ ՌԴ–ի հետ բանակցում ենք երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածների կառուցման շուրջ

Խուդաթյան․ ՌԴ–ի հետ բանակցում ենք երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածների կառուցման շուրջ

3 փետրվարի 2026 – 15:08 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանը երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածների կառուցման շուրջ բանակցում է Ռուսաստանի հետ։ Այդ մասին ասուլիսում ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ վերահաստատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։

Հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։ Խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է, որոնք 1980-ականների վերջից սկսած չեն շահագործվում։

«Մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ, և մեր ընկալումն այնպիսին է, որ ձեր նշած հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքը, այսինքն՝ իրենց միջոցով»,– ասել է Խուդաթյանը։

Դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով սեղմ ժամկետներում արձագանքել երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա միացվող հատվածների վերագործարկման հարցում։ Այս թեման արծարծվել է նաև դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում։

Հետագայում հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները համատեղ զննում են իրականացրել Երասխ–Սադարակ երկաթուղային ուղղությամբ՝ գնահատելու ենթակառուցվածքի տեխնիկական վիճակը։

Leave a Comment