3 փետրվարի 2026 – 15:05 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկվելու է: Այդ մասին Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը:
Անդրադառնալով տեղեկություններին, որ գործով իրեղեն ապացույցը կորել է՝ Բաբայանը փոխանցել է, որ քննիչը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ ոչ մի ապացույց չի կորել, հայտնում է Aysor.am-ը:
Նա հայտարարել է, որ կալանքը երկարաձգելու որոշումը նշանակում է, որ շարունակվում են եկեղեցու դեմ ճնշումները:
Նա նաև հայտնել է, որ սահմանափակվել են տեսակցությունները, սրբազանին կարող են տեսնել միայն նրա քրոջ երեխաները:
Արշակ Սրբազանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով՝ դատարանի որոշմամբ։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։
Արշակ սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ ԱԱԾ-ի կողմից, Քննչական կոմիտեի շենքում։ Կալանավորումը կատարվել է հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին։