Նյու Դելին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը և ավելի շատ նավթ գնել Միացյալ Նահանգներից


Նյու Դելին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը և ավելի շատ նավթ գնել Միացյալ Նահանգներից, ինչպես նաև Վենեսուելայից՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը Հնդկաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո։


«Այս քայլը կօգնի ավարտել պատերազմն Ուկրաինայում»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը։

Նա նաև տեղեկացրել է ԱՄՆ-Հնդկաստան առևտրային համաձայնագրի մասին, որը, Թրամփի ձևակերպմամբ, ուժի մեջ է մտնում «անմիջապես»։ Ըստ պայմանավորվածության՝ ԱՄՆ-ը Հնդկաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը 25 %-ից կնվազեցնի մինչև 18%, իսկ Հնդկաստանը «կշարունակի Միացյալ Նահանգների նկատմամբ առևտրային սահմանափակումները զրոյացնելու ուղղությամբ աշխատանքները»։


Գործարքի շրջանակում Նյու Դելին նաև պարտավորվել է գնել ավելի քան 500 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքներ, այդ թվում՝ էներգետիկ, ածխային և գյուղատնտեսական։ «Հնդկաստանի հետ մեր հրաշալի հարաբերություններն ավելի ամուր կդառնան»,- շեշտել է Թրամփը։

Նարենդրա Մոդին ևս մեկնաբանել է Թրամփի հետ զրույցը, շնորհակալություն հայտնել մաքսատուրքերը նվազեցնելու համար։


«Երկու խոշոր տնտեսությունների և աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունների գործակցությունն օգուտ կբերի մեր ժողովուրդներին և փոխշահավետ գործակցության հնարավորություններ կբացի»,- շեշտել է Հնդկաստանի վարչապետը, հավելել, որ Թրամփը լուրջ ներդրում ունի համաշխարհային խաղաղության, կայունության և բարգավաճման գործում։


Միևնույն ժամանակ նա չի անդրադարձել Թրամփի հայտարարությանը, որ Նյու Դելին հրաժարվում է ռուսական նավթից:

Leave a Comment