3 փետրվարի 2026 – 13:09 AMT
PanARMENIAN.Net – Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Օլիմպիական խաղերի որակավորման նոր գործընթացը։ Հայտնի է դարձել, որ փոփոխված համակարգը կգործի սկսած 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերից, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան։
Ըստ նոր կարգի՝ յուրաքանչյուր քաշային կարգում Օլիմպիական ուղեգիր կստանա 16 ըմբիշ՝ չորս տարբեր աղբյուրներով․
- Աշխարհի առաջնություն
- Մայրցամաքային որակավորման մրցաշարեր
- Աշխարհի օլիմպիական որակավորման մրցաշար
- UWW վարկանիշ
Որակավորման առաջին փուլը
2027 թվականի Աշխարհի առաջնությունն առաջիկա Օլիմպիական խաղերի համար կդառնա առաջին որակավորման փուլ։ Այդ մրցաշարում կբաշխվի 72 ուղեգիր։ Օլիմպիական 18 քաշային կարգերում մեդալակիրները՝ ոսկե, արծաթե և երկու բրոնզե մեդալակիրները, կստանան ուղեգիր իրենց երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի համար՝ մասնակցելու Լոս Անջելես-2028-ին։
Որակավորման երկրորդ փուլը
Երկրորդ աղբյուրը կլինի UWW-ի վարկանիշային համակարգը։ Այն ըմբիշները, որոնք չեն կարողացել ուղեգիր ստանալ Աշխարհի առաջնության ժամանակ, հնարավորություն կունենան դա անել ըստ վարկանիշային աղյուսակի։ Վարկանիշում յուրաքանչյուր քաշային կարգի երեք առաջատար ըմբիշ, որոնք չեն որակավորվել առաջին փուլում, կստանան մեկական ուղեգիր իրենց ԱՕԿ-ի համար։
UWW վարկանիշը կհաշվարկվի յոթ խոշոր մրցաշարերի արդյունքների հիման վրա՝
- 2027 թվականի մեծահասակների մայրցամաքային առաջնություններ
- 2027 թվականի Ranking Series-ի երեք մրցաշար
- 2027 թվականի մեծահասակների Աշխարհի առաջնություն
- 2028 թվականի Ranking Series-ի մեկ մրցաշար
- 2028 թվականի մեծահասակների մայրցամաքային առաջնություններ
Վերանայված մեխանիզմը նպատակ ունի ապահովել առավել թափանցիկ և արդար մոտեցում՝ Օլիմպիական խաղերին մասնակցող ըմբիշների ընտրության հարցում։