Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է հանրային քննարկման ներկայացված և Ներքին գործերի նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների ստացման, կուտակման և տրամադրման կարգը։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի և դրա անդամ պետությունների իրավապահ մարմինների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցության արդյունքներով հանցագործությունների մասին տեղեկություններ տրամադրելու և նրանցից տեղեկություններ ստանալու, ինչպես նաև՝ կուտակելու հետ կապված հարաբերությունները։ Բացի այդ, կապահովվի ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1150–Ա որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 1-ին կետի կատարումը:
Ընթացիկ իրավիճակը
Գործող կարգավորումներով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշմամբ, որի ընդունման համար իրավական հիմք էր ծառայել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը: Հաշվի առնելով, որ նշված հոդվածի կարգավորումը չէր հանդիսանում քննարկվող հարաբերությունների կարգավորման համար պատշաճ իրավական հիմք, «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսվել է լիազորող նորմ՝ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգը սահմանելու մասին Կառավարության նոր որոշում ընդունելու համար:
Ինչո՞վ պայմանավորված նախագծի ընդունումը
Նախագծի ընդունումը պայմանավորված է գործող կարգավորումները ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Միաժամանակ, նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1150–Ա որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Ի՞նչ է նախատեսվում նախագծով
Կարգավորել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի և դրա անդամ պետությունների իրավապահ մարմինների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցության արդյունքներով հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգի հետ կապված հարաբերությունները։
Միաժամանակ, ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները սահմանելու մասին» N 654-Ն որոշումը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության 187-190-րդ կետերց:
Բյուջետային ազդեցություն
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: