Տարեց պատգամավորները՝ դիսկոտեկի մասսովկա, «Արարատ 73» ֆիլմի շուրջ աղմուկ է. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, թե մարդիկ հիփոթեքով տներ են գնում, շատ վարկ են վերցնում՝ իրողությունը ներկայացնելով իբրև ձեռքբերում։ Իրականում այդ պատկերը մտահոգիչ է։ Ինչու, որովհետև ՀՀ Վիճակագրական կոմիտեի դեկտեմբերի տվյալներով տնային տնտեսություններին տրվող վարկերը ավելացել են՝ սպառողական և հիպոթեքային վարկերի համապատասխանաբար 31.1% և 26.3%-ով։

Բնակչության եկամուտները՝ աշխատավարձը, դրամական փոխանցումները և այլ իրական ունեցվածքը, այդ ընթացքում չեն աճել համապատասխան թվերով։ Բայց միևնույն է՝ մարդիկ վարկեր են վերցնում։

Այսինքն՝ եկամուտների համեմատ վարկերի զգալի տարբերությունը խոսում է այն մասին, որ մարդիկ վարկերի տակ կքում են»։

«Ժողովուրդ» օրաթերթը հաղորդում է.

«Նախորդ տարեվերջին հայտարարվեց ռուսաստանաբնակ գործարար և բարերարներ Արթուր Ջանիբեկյանի ու Արթուր Սողոմոնյանի օժանդակությամբ լեգենդար «Արարատ 73»-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանման մասին, որն արդեն մեծ հաջողությամբ ցուցադրվում է հետխորհրդային տարածքում։ Ֆիլմի ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, իսկ սցենարի համահեղինակն ու գլխավոր պրոդյուսերը՝ Վալերի Սահարյանը։ Առաջին հայացքից միայն գովեստի ու խրախուսանքի արժանի այս քայլը, չգիտես ինչու, հայաստանյան որոշ շրջանակների մոտ քննադատության հանդիպեց՝ իբրև թե ռուսական փափուկ ուժ է, քանզի ֆիլմում կա հայ-ուկրաինական ֆուտբոլային հակադրության մաս։

Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պալլադիում հոլլ»-ում ուրբաթ օրը կայացած «Վարչաբենդի» դիսկոտեկի ժամանակ շատերի զարմանքն է հարուցել տարեց պատգամավորների ներկայության փաստը։ Հրապարակված կադրերից երեւում է, որ դիսկոտեկին մասնակցում են 70-ին մոտ Գագիկ Մելքոնյանը, Սերգեյ Բագրատյանը, Մարինա Ղազարյանը եւ այլք։

ՔՊ խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պատգամավորներին հրահանգել են պարտադիր մասնակցել, գլխաքանակ ապահովել։ Բանն այն է, որ չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ավելի վաղ են դադարեցրել գրանցումները, քանի որ սպասվածից շատ մարդ է գրանցվել, իրականությունը բոլորովին այլ է եղել` միայն մի որոշ խմբի են թույլ տվել, որ գրանցվելու ընթացակարգով մասնակցի դիսկոտեկին, մեծ մասին իրենք են հրավիրել: Դրանք կա՛մ ՔՊ-ական էին, կա՛մ ՔՊ-ի աջակիցներ: Իսկ երբ ուշացումով հասկացել են, որ մասսովկան քիչ է, կարգադրել են, որ պատգամավորները մասնակցեն։ Չնայած՝ ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել։

Leave a Comment