Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին «Իզմիրլյան» ԲԿ-ում հսկող կարգադրիչները փորձել են արգելել նրան իր հիվանդասենյակից կիրակնօրյա պատարագին մասնակցել՝ կարծելով, որ հաղորդություն ստանալը «հաղորդակցվելն» է, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ երբ նրանց մանրամասն բացատրել են, որ հաղորդություն ստանալն անեկ խմորով պատրաստված նշխար ճաշակելն է, դժվարությամբ համաձայնել են։
Պատարագին մասնակցել են բուժանձնակազմի մի քանի ներկայացուցիչ, բուժառուներ, Աջապահյանի խնամակալ, նրա եղբորորդի Արտաշես սարկավագ Աջապահյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դեկտեմբերի 15-ին հայտնել էր, որ Շիրակի թեմի բանտարկված առաջնորդին դեկտեմբերի 16-ին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ նրան կվիրահատեն: Սրբազանն ինքն էր նախընտրել այս բժշկական կենտրոնը: Միքայել արքեպիսկոպոսը դեկտեմբերի 16-ին տեղափոխվել էր Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Աջապահյանը վիրահատվել էր դեկտեմբերի 26-ին։
